«Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունների արդյունքով 14 քրգործ է հարուցվել, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը խնդիր չունի»
«Այն երևույթները, որոնք տեղի են ունեցել Երևանի քաղաքապետարանում 2011 թ.-ից մինչև մեր օրերը ՊՎԾ-ի վերահսկող ծառայության 1.5 տասնյակ հոգուց բաղկացած խումբը հավուր պատշաճի ուսումնասիրել է և արդյունքներն ուղարվել են իրավապահներին»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտնեց պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա չհամաձայնեց լրագրողի պնդման հետ, թե Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից հեռանալուց հետո է միայն որոշում կայացվել ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի գործունեությունը:
«Այս պահին ՊՎԾ-ն պետական կառավարման մարմիններում իրականացնում է շուրջ 8 տասնյակ վերահսկողական գործընթացներ, իսկ պետական կառավարումն, ինչպես ձեզ հայտնի է, ՔՊ-ն է իրականացնում»,-ասաց Պետրոսյանը՝ պնդելով, որ ՊՎԾ-ն խտրական վերաբերմունք չի ցուցաբերում:
Նրա խոսքով՝ Երանի քաղաքապետարնում ստուգումներ անցկացնելու համար Նիկոլ փաշինյանի հանձնարարականը եղել էր դեռ 2020 թ սեպտեմբերին:
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներով հարուցված 14 քրեական գործերի մեծ մասը կանաչապատ, կամ հանրային նշանակության տարևածքներում շինթույլտվության դեպքերն են:
Նրա խոսքով քրեական գործերը վերաբերում են նաև պետբյուջեից դոտացիաների տրամադրմանը, գույքահարկին, հողի հարկին, սեփական եկամուտների սխալ հաշվարկներին, եկամուտների չգանձմանը։
Նա չկարողացավ պատասխանել, թե արդյո՞ք Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կամ տարոն մարգարյանը կանցնե քրեական գործերով:
« Չեմ կարող կանխորոշել՝ որ գործով ով կարող է կանչվել հարցաքննության», ասաց Պետրոսյանը։
ՊՎԾ-ի ղեկավարը նաև հայտնեց, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ում, որի ղեկավարը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է, ուսումնասիրություններ է իրականացրել։
«Պետական այն բոլոր գնումները, որտեղ ձեր մատնանշած սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչև օրս կարող եմ ասել, որ ուսումնասիրել ենք և գնման հրավերը, և ներկայացված փաթեթները, և մրցույթի պայմանները։ Խտրական որևէ չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել»,-հայտարարեց Պետրոսյանը։