Վարդգես Պետրոսյանի հոբելյանական 90-ամյակն ու «Գարուն» ամսագրի 55-ամյակը
Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին և «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի 55-ամյակին նվիրված միջոցառում։ Ներկա էին Հայաստանի գրողների միության անդամներ, հրապարակախոսներ, գրականասերներ։
«Այսօր մենք նշում ենք զույգ հոբելյան, դրանք անբաժանելի են մեկը մյուսից, որովհետև մեկը մյուսի ծնունդն են։ Նշում ենք արձակագիր,հրապարակախոս, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90-ամյակը, միաժամանակ նշում ենք «Գարուն» ամսագրի տպագրության 55-ամյակը։ Յուրաքանչյուր լրագիր և հանդես եզակի և անկրկնելի տեղ ունի գրականության մեջ, որոնց շնորհիվ էլ կրթվում է երիտասարդ սերունդն ու կրթում հասարակությանը,- ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։
Հայաստանի ազգային գրադարանի հարկի ներքո էին հավաքվել գարունականները, ովքեր գրադարանի Թամանյանական դահլիճում կիսվեցին ամսագրում իրենց աշխատած տարիների հուշերից։
««Գարուն» ամսագիրը անհնար էր փչացնել։ Վարդգես Պետրոսյանը այնքան հիմնավոր էր դրա հիմքը դրել, որ եթե անգամ ցանկանայիր էլ չէիր կարող այն փչացնել։ Մի ամբողջ սերունդ պարտական է Վարդգես Պետրոսյանին, նա մեծ խմբագիր էր և քաջ մարդ, ես նրան մեծապես պարտական եմ, քանի որ նրա շնորհիվ և նրա աջակցությամբ ես դարձա «Գարուն»-ի գլխավոր խմբագիր,-ասաց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր (1986-1990թթ.) Մերուժան Տեր-Գուլանյանը։
Միջոցառման ժամանակ գարունականները կիսվեցին իրենց հուշերով, գրական փորձով, խորհուրդներ տվեցին ապագա գրողներին, և հրապարակախոսներին։
Սեդրակյան Անժելա
ՀՊՄՀ հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի
Լուսանկարը՝ հեղինակի։