Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը
Եկամուտները հայտարարագրելը 2024 թվականից պարտադիր կդառնա Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա նշեց, որ «սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը, քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, ինքը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված, թե ոչ»։
Այսպիսով, սա ենթադրում է, որ քաղաքացիները պետք է որոշակի հաճախականությամբ հայտարարագիր ներկայացնեն իրենց եկամուտների մասին։ Սակայն հարց է առաջանում՝ պատրա՞ստ է արդյոք երկիրն այս փոփոխությանը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։
Նրա խոսքով՝ գաղափարը լավն է, այդ ինստիտուտը հաջողությամբ գործում է աշխարհի մի շարք երկրներում, բայց այն ներդրվել է մի շարք ենթակառուցվածքներ զարգացնելու շնորհիվ։
Հայաստանում այս համակարգի ներդրումով, ինչպես նշում է տնտեսագետը, հարկային պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորվելու, ինչին հասարակությունը դեռևս պատրաստ չէ։
Նախ, Գագիկ Մակարյանի խոսքով, իրազեկման աշխատանքներ պետք է իրականացնել քաղաքացիների շրջանում, մարդիկ պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն դրան։ «Մեր երկրում այլ մշակույթ է, մարդիկ այդքան էլ չեն ձգտում իրենց ունեցվածքի մասին բարձրաձայնել, ուրիշներին ներկայացնել, և նրանք հոգեբանորեն պատրաստ չեն լինի այս փոփոխությանը, որ որոշակի պարբերականությամբ իրենց եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնեն»,- նշեց նա։
Բացի այդ, ըստ նրա, այդ համակարգին անցնելու համար Հայաստանը տեխնիկապես պատրաստ չէ։ Կարևոր է նաև, թե այդ տվյալներն ինչպես կօգտագործվեն, մարդիկ պետք է վստահ լինեն՝ եկամուտների մասին տեղեկատվությունը հետո իրենց դեմ չի օգտագործվելու։
«Իրականում պետք է խիստ վերահսկել քաղաքացիների հայտարարագրերը, քանի որ ցանկացած արտահոսք գողության, թշնամանքի պատճառ կարող է դառնալ։ Մեր երկրում մեծ թվով գողություններ կան և քաղաքացու հարստությունը, ունեցվածքը տեսանելի դարձնելով, պետությունը նրա համար կարող է մեծ խնդիրներ առաջացնել»,- ասաց նա։
Գագիկ Մակարյանը նշեց՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ մարդկանց եկամուտները տարբեր ծագում ունեն Հայաստանում. որոշները տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ են կուտակել, ժառանգություն են ստացել, և դրանց մասով չպետք է ավելորդ «քչփորելու» մեխանիզմ գործի։ «Մենք նաև չգիտենք, թե պաշտոնյանները, գործատուները ինչպես դա կօգտագործեն, արդյոք տրամադրվածություն չի լինի»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ այս խնդիրները չլուծելու դեպքում այն շատ ավելի վատ հետևանքներ կունենա։
Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ այսօր արդեն խնդիր կա բանկերում։ Մասնավորապես, երբ քաղաքացին ցանկանում է փոխանցում կամ 5 մլն դրամից ավելի գնում կատարել, նրանից այդ եկամուտի ծագման աղբյուրն են պահանջում։
«Օրինակ, եթե քաղաքացին այլ երկրում աշխատել է առանց գրանցման, ինչպես կարո՞ղ է փաստաթուղթ ներկայացնել։ Արհեստական խոչընդոտ են առաջացնում։ Հիմա պատկերացրեք, որ հայտարարագիրը համընդհանուր լինի, բոլորից հիմնավորում են պահանջելու, բայց մեծ մասը չի կարողանալու փաստաթուղթ ներկայացնել, թե որտեղից են այդ գումարները»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Նա հաև հայտնեց, որ եկամուտների համընդհանուր համակարգի ներդրումից հետո արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները համարվելու են եկամուտ։ Դրա հաջորդ քայլը լինելու է տրանսֆերտների հարկումը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնելու։
Այսպիսով, ըստ Գագիկ Մակարյանի, բավականին մեծ աշխատանք պետք է տարվի այս համակարգին անցնելու համար, հակառակ դեպքում պետությունը լուրջ խնդիրներ կունենա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան