Բեգլարյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից «Արցախի Հանրապետությունը» հանելու մասին
«Այո, նմանատիպ քննարկումներ, խնդիրներ եղել են, հետագայում կանոնադրության նախագծի շուրջ գրավոր ներկայացրել եմ իմ առաջարկները որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ»,- Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը` պատասխանելով հարցին` տեղեկություններ կան, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը, առաջարկ է հնչեցվել կանոնադրությունից հանելու «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, ինչին ընդդիմացել է Բեգլարյանը, արդյունքում փոփոխությունները չեն կատարվել։
«Այդտեղ ներկայացված է նաև Արցախի Հանրապետության նշման հիմնավորումները, փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություններ, որոնք, կարծում եմ, պետք է կատարվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության մեջ»,- ասաց Բեգլարյանը։
Նա նշեց, որ իր գործունեության մեջ միշտ առաջնորդվել է բարեխղճության, իր արժեքներով և սկզբունքներով, ազգային ու պետական շահերով, մնացածը՝ իրեն չի հետաքրքրում։
Նաև լրագրողը հետաքրքրվեց, թե պետնախարարի պաշտոնից ազատումը կապ ունի՞ ժողովի ընթացքում դրսևորած իր պահվածքի հետ, Ա. Բեգլարյանն ասաց. «Չէի ցանկանա նման կապ տալ։ Իրականում գիտեք, թե ինչու եմ ես թողնում պետնախարարի պաշտոնը։ Դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է նշանակի պետական նախարար, երբ Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու այդ պարտականությունները, բնականաբար, նախագահի կողմից այդ որոշումը կայացվել է»։
Նա կարծում է, որ սա պայմանավորված է միայն նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին