8.2 մլն դրամ՝ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգմանը
«Նախագծով գումար է հատկացվում Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով հերթական հարցը։
Նրա խոսքով՝ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում, վերականգնման կարիք ունի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման և ամրակայման նախագիծը և ներկայացվել նախարարություն:
«Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8,280.2 հազար դրամ։ Նախարարության կողմից կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրեր»,-տեղեկացրեց Դումանյանը:
Նա հայտնեց, որ 2.7 մլն դրամ էլ հատկացվում է Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար։
«ՀՀ Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է և առկա է փլուզման վտանգ»,-ասաց Դումանյանը և հավելեց, որ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։
Ըստ նախարարի՝ աշխատանքների կատարման համար նախ և առաջ անհրաժեշտ են գիտանախագծային փաստաթղթեր և նախագծման աշխատանքների ձեռքբերման համար Նախարարության կողմից հայտարարվել էր պայմանով մրցույթ և կնքվել է համապատասխան պայմանագիր:
ԿԳՄՍ նախարարը մոռացավ օրակարգում ներառած նախագծում առկա Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման կապալային աշխատանքների կատարման մասին զեկուցել:
Այդ փաստն արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:
Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով արձանագրված է. «Նախագծով նախատեսվում է նաև թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին նոր օրացուցային գրաֆիկ սահմանել Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման կապալային աշխատանքների կատարման համար: Նշվածը պայմանավորված է սույն Հիմնավորման «Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.» բաժնում նշված հանգամանքներով»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման համար նախատեսված 208 մլն-ից 108 մլն.-ի աշխատանքներն ավարտվել են, և այն պատմամշակութային հուշարձան ճանաչելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև որոշ շինարարական աշխատանքների խնդիրների պատճառով աշխատանքները կանգնեցված են և հաջորդ տարի կշարունակվեն:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ-ն կառավարության պահուստային ֆոնդ վերադարձրեց 140 մլն դրամ
- Գործադիրն այսօր 16.5 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտա «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ին
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել
- Գործադիրը սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր 437 դպրոցների ցանկից հանեց 69 կրթօջախ