Այս տարվա ութ ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ. Քերոբյան
2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 74.1%-ով. 2021 թ-ի ութ ամիսներին այն կազմել է մոտ 1.6 մլրդ դոլար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, հունվար-օգոստոսին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Ինչ վերաբերում է ներմուծմանը ԵԱՏՄ երկրներից, ապա նշված ժամանակահատվածում այն կազմել է 1.67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7%-ով։
Վահան Քերոբյանի խոսքով՝ ՌԴ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 2.642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7%-ով. «Ընդ որում` արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55.3%-ով»:
Ըստ նրա աշխատանք է տարվել, որ Հայաստանի և Ռուսաստանից բացի ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանեն: Այսպիսով. Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 106.7 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճելով 2,4 անգամ, Ղազախստանի՝ 26.6 մլն դոլար (աճը՝ 2,6 անգամ), Ղրղզստանի՝ 2.9 մլն դոլար (աճ՝ 90.8%):
«ԵԱՏՄ կառուցվածքում բոլոր երկրների հարաբերությունների մեծ մասը կառուցված է եղել ՌԴ-ի հետ: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ նույնպես, և ԵԱՏՄ-ն իր կառուցվածքով և առևտրաշրջառանությամբ դարձնել ավելի համաչափ։ Պետք է նշեմ՝ այս տարի արձանագրված առևտրի փոփոխությունը ցույց է տալիս, որ այդ աշխատանքը որոշակի արդյունք արդեն տվել է»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով օտարերկյա ներդրումներին, նշեց, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսական իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 204,8 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32,4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 1/3-րդը՝ 40,1 մլրդ դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան