Ամերիկացիների կեսից ավելին դեմ է Ջո Բայդենի թեկնածությանը նախագահական երկրորդ ժամկետի համար
Ամերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածության առաջադրմանը նախագահական երկրորդ ժամկետի համար, իսկ մոտ 30 տոկոսը սպասում է նրա իմպիչմենտին։ Այս մասին են վկայում YouGov հետազոտական կազմակերպության հետ Economist ամսագրի անցկացրած հարցման տվյալները։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հարցվածների 54 տոկոսն ասել է, որ չի ցանկանում երկրորդ անգամ Բայդենին տեսնել նախագահի պաշտոնում։ Քաղաքական գործչի առաջադրմանը կողմ է արտահայտվել միայն 27 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ամերիկացիների նույն 27 տոկոսը կարծում է, որ եթե հանրապետականներին հաջողվի վերահսկողություն հաստատել Կոնգրեսի վրա նոյեմբերի միջանկյալ ընտրությունների արդյունքներով, ապա Բայդենին իմպիչմենտի կենթարկեն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանն էլ դեմ է արտահայտվել հարցվածների գրեթե 60 տոկոսը։ Հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1,5 հազար մարդ, որոնցից 1330-ը՝ գրանցված ընտրողներ։