Ադրբեջանը թույլ չտվեց փաստահավաք առաքելություն իրականացնել. ԵԽ պատգամավոր
«Փաստ է, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո կան հայ զինծառայողների դիակներ, որոնք չեն հանձնվել ընտանիքներին պատշաճ կերպով հուղարկավորելու համար»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական Խորհրդարանի նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, ով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությամբ ժամանել է Հայաստան։ Նա պատասխանեց հարցին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս իր վերահսկողության տակ անցած տարածքներից հանել հայ զինծառայողների դիակները, այս առումով ի՞նչ աշխատանքներ պետք է արվեն։
Ըստ նրա, անընդունելի է, առաջին հեթին այն երկրների կողմից, որոնք պարտավոր են միջազգային համաձայնագրերի և միջազգային իրավունքի նորմերի համապատասխանությունն ապահովել։
«Այո, հրադադարի ընթացքում պետք է լիարժեք թույլտվություն տրվի հանելու մարդկանց դիակները, մարդկանց, ովքեր իրենց պարտքն են կատարել։ Վստահ եմ, որ այս հարցը ևս մեկ անգամ կբարձրաձայնվի Եվրամիության կողմից որպես միջանկյալ կողմ»,- ասաց ԵԽ պատգամավորը։
Նա ընդգծեց, որ առաքելությունը պետք է գործադրվեր երկու կողմերի սահմանին, սակայն միայն Հայաստանը թույլ տվեց իրականացնել այդ առաքելությունը, Ադրբեջանը դա թույլ չտվեց, այսինքն, 50 տոկոսով է իրականացվում առաքելությունը։
«ԵՄ-ն ունի համապատասխան լծակներ արդյունավետ միջամտություն իրականացնելու համար։ Պետք է օգտագործենք բոլոր գործիքներն արդյունքների հասնելու համար»,- ասաց Եվրոպական խորհրդարանի իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։