Միրզոյանն ԱԺ եկել էր մեկ լավ, մեկ վատ նորությունով
«Բոլոր ուղղություններով, որ բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք այդ երկրի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին»,-ասաց Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նրա տպավորությամբ, Ադրբեջանը կարծում է, որ ռազմական հաջողություններ ունենալուց հետո կարող է Հայաստանին պայմաններ թելադրել։
«Սա իհարկե, իրականություն չի կարող լինել։ Կայուն, երկարատև խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել։ Հույս ունեմ, որ Ադրբեջանում ժամանակի ընթացքում սա ավելի լավ կհասկանան։ Միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել, այդ խաղաղությունը երկարատև լինել չի կարող»,-ասաց Միրզոյանը։
Սա վատ նորությունն էր։ Միրզոյանը որպես լավ նորություն ներկայացրեց այն, որ միջազգային հանրության հետաքրքությունը կա այն խնդիրների նկատմամբ, որոնք բանակցվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Երբ ժամանակային վերլուծություն ենք անում, տեսնում ենք, որ այս ուշադրությունը գնալով մեծանում է։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին, որ ուժի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ։ Հուսով եմ, որ այս ուղերձը ևս Ադրբեջանում կհասկանան։ Միջազգային հանրության ուղերձն այն է, որ կան կարմիր գծեր, սահմաններ, որ չպետք է հատվեն»,-ասաց նա։
Միրզոյանը հավելեց՝ Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է միջազգային հանրության ջանքերով տարբեր հարթակներում կազմակերպված հանդիպումներին, բանակցություններին։
«Ընդամենը մի քանի օր առաջ Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպում, մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ, պարոն Բայրամովի ու Բլինքենի հանդիպումը։ Սա վկայում է այն մասին, որ ուշադրությունը, որի մասին խոսեցինք, կա»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ականը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին