Համաճարակաբան. Գրիպով ու ՍՇՎ-ով հոսպիտալացվածների 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներն են
«Մենք հիմա գտնվում ենք ընթացիկ տարվա 40-րդ շաբաթում, ինչը նշանակում է, որ գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնն է։ Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում ունենք գրիպով ու սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված միջին ակտիվություն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Նրա խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այսօր ունենք հիվանդության նվազում՝ 1.1 անգամ։
«Այս պահին ամբուլատոր պլիկլինիկական, բժշկական հաստատություններում այս հիվանդություններով հոսպիտալացվածների 95 տոկոսը մինչև 18 տարեկաններն են, որտեղ զգալի համամասնություն են կազմում 0-4 տարեկանները՝ պայմանավորված իրենց տարիքային առանաձնահատկություններով, իրենց մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում»,-ասաց Ե. Խաչատրյանը։
Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ, ինչպես նաև շնչառական այլ վարակների՝ ռինովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի ու այլ վիրուսների հարուցիչներ։
Անցած տարի Հայաստանում հաստատվել էր գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։
«Գրիպի ու սուր շնչառական վարակների ախտանշանները շատ նման են, ուղղակի գրիպի դեպքում ունենում ենք ավելի բարդ ընթացք։ Կարող են լինել ջերմության հանկարծակի բարձրացում, մկանացավեր, գլխացավեր, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, քթահոսություն, սրտխառնոց, աղիքային երևույթներ, հազ։ Գրիպի դեպքում ընդհանուր թուլությունն ու ինտոքսիկացիան ավելի զգալի են լինում»,-ասաց մասնագետը։
Առողջապահության ոլորտի մասնագետները նշում են՝ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։
Միաժամանակ պետք է խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից ու հետևել մի քանի պարզ, տարրական կանոնների։
«Եթե մարդիկ հիվանդ են, պարտադիր պետք է մնան տանը՝ վարակի շղթան կանխելու համար։ Պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել անտիբիոտիկներ, որովհետև, ինչպես գիտենք, հակաբիոտիկները ցուցված չեն վիրուսների բուժման համար, հագնվել եղանակին համահունչ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախ օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային»,- հիշեցնում է Խաչատրյանը։
Այս սեզոնին շատ մարդիկ դեղատնից ձեռք են բերում տարբեր վիտամիններ ու ընդունում դիմադրողականության բարձրացման համար։ Այս առումով համաճարակաբանը հիշեցնում է, որ այս կամ այն վիտամինի շատ օգտագործումն էլ կարող է բացասական հետևանքներն ունենալ օրգանիզմի համար։
«Ցանկացած դեղորայք, այդ թվում վիտամին, պետք է նշանակվի բժշկի կողմից, քանի որ միայն նա է գնահատում դիմողի վիճակն ու ըստ անհրաժեշտության նշանակում անում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սեզոնայնությամբ պայմանավորված գրիպի և այլ վիրուսների ակտիվացում է նկատվում
- Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան