Քարաբերդի ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ հանրային լսումները չեն կայացել
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը գրում է․
«ՀՀ Լոռու մարզի Փամբակ գյուղում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային լսումների իրականացումը։ Նրանք թույլ չտվեցին նախաձեռնողներին մտնել լսման վայր՝ հայտարարելով, որ դեմ են հանքի թեմաներով ցանկացած լսումներին»։
Ավելի վաղ՝ Չեխական Առնիկա և Նեսեհնութի կազմակերպությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ հայկական Քարաբերդ բնակավայրում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ, որում ասվում է
«Առնիկա և Նեսեհնութի երկու կազմակերպությունների այս համատեղ հայտարարությամբ արձագանքում ենք ՀՀ Լոռու մարզի Քարաբերդ բնակավայրի (Փամբակ համայնք) վերջին զարգացումներին, որտեղ 04.11.2022թ.-ին տեղի են ունենում հանրային լսումներ Քարաբերդ բնակավայրում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ։
Ստորև բերված հանգամանքներից ելնելով` սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Քարաբերդում ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ։ Այսպիսով, համատեղ հայտարարությամբ կոչ ենք անում հայ հանրությանը, Փամբակ խոշորացված համայնքի տեղական իշխանություններին և Լոռու մարզի մարզպետարանին կանխել հանքարդյունաբերության ընդլայնման ծրագիրը և արտահայտել բացասական կարծիք։ Հորդորում ենք նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հետագայում իրականացնել նախագծի պատշաճ ուսումնասիրություն։
Առնիկան և Նեսեհնութին չեխական հասարակական կազմակերպություններ են, որոնք Չեխիայում և արտերկրում բնապահպանական և սոցիալական խնդիրներով զբաղվելու երկար պատմություն ունեն: Նրանց նպատակն է պաշտպանել բնությունը և առողջ միջավայրը ապագա սերունդների համար իրենց տանը և ամբողջ աշխարհում: Առնիկան երկար ժամանակ է պայքարում է թափոնների և վտանգավոր նյութերի կրճատման, կենդանի գետերի և բազմազան բնության պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումներ կայացնելու քաղաքացիների իրավունքի համար: Արդեն 20 տարի է Նեսեհնութին խթանում է համայնքի մասնակցությունը որոշումների կայացմանը և քաղաքացիական արշավներին ոչ միայն Չեխիայի Հանրապետությունում, այլև Հարավային Կովկասում և Հարավային Ուկրաինայում:
2018 թ․ Դանիել Վոնդրուշը՝ այն ժամանակ բնապահպանական կազմակերպությունների “Green Circle” ցանցի տնօրենը, մասնակցել է Նեսեհնութիի կազմակերպած CivicBarcamp-ին Վանաձորում՝ Քարաբերդի մոտ, որտեղ խոսել է ոսկու արդյունահանման հետևանքների մասին և կիսվել ոսկու տարրալվացման ժամանակ ցիանիդի օգտագործման վերաբերյալ Չեխիայում արգելքի ներդրման իր փորձով։
Ոսկու արդյունահանումը երբեք չի կարող կայուն լինել, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք բարձրացնել իրազեկությունը և խրախուսել տեղի բնակչությանը զգույշ լինել արդյունահանողների խոստումների նկատմամբ և համատեղ որոշել իրենց համայնքի ապագան:
Հանքարդյունաբերությունը բացասաբար է անդրադառնում հանքավայրերի և լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատողների, ինչպես նաև այդ ձեռնարկությունների հարևանությամբ ապրող բնակիչների շրջակա միջավայրի և առողջության վրա: Անհրաժեշտ տեխնոլոգիական ընթացակարգերի անտեսումը, թափոնների կառավարման կանոնների
խախտումը և անբավարար տեխնիկական անվտանգությունը կարող են նվազեցնել բնակիչների կյանքի որակը և երկարատև և անդառնալի վնաս հասցնել շրջակա միջավայրին:
Հանքարդյունաբերության հետ կապված ռիսկերը ներառում են փոշու արտանետումները, աղմուկը, պոտենցիալ վթարները և քիմիական արտահոսքերը տեղական առուների և հողի կամ ցածր ջրի մակերևույթների մեջ: Հանքաքարի և մետաղների արդյունահանման և վերամշակման մեջ օգտագործվող քիմիական նյութերի արտահոսքը հենց հանքաքարում [1] բացասաբար է ազդում մարդու առողջության վրա։ 2018-2021 թվականներին Լոռու մարզի Թումանյան և Ստեփանավան համայնքների հանքարդյունաբերական բնակավայրերի աղտոտվածության մոնիտորինգի ընթացքում հավաքագրված տվյալները հաստատում են այս մտահոգությունները։ Առնիկայի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս շրջակա միջավայրում աղտոտիչների առկայությունը և հանքարդյունաբերությունից տուժած համայնքների բնակիչների առողջության վրա ավելի մեծ ռիսկը, համեմատած նրանց հետ, ովքեր չեն ենթարկվում արդյունաբերության ազդեցությանը:
Նեսեհնութիի աշխատանքը հաստատեց նաև հայկական համայնքների շահագրգռվածությունը կայուն զարգացման անցնելու և բնապահպանական որոշումների կայացմանն ավելի ակտիվ մասնակցության հարցում:
Վերոնշյալ փաստարկները ընդգծում են տեղական համայնքներին և բնությանը սպառնացող վտանգները, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում կանխել Քարաբերդի ոսկու հանքի ընդլայնումը։
[1] Օրինակ՝ ծանր մետաղներ, ինչպիսիք են կապարը, ցինկը, քրոմը, մկնդեղը կամ նիկելը»։
Լուսանկարը՝ Դուլգարյանի էջից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները