Կառույցի՝ հուշարձան լինելու մասին տեղեկությունը ներառվելու է անշարժ գույքի սեփականության վկայականում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, վերոնշյալ ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու հրատապությունն ու անհրաժեշտությունը բխում են պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության կարևորությունից: Առկա խնդիրները վկայում են, որ հուշարձանի սեփականատերերը հաճախ տեղյակ չեն լինում, որ ձեռք են բերում հուշարձան հանդիսացող շինություններ, ինչն իր հերթին առաջ է բերում պահպանությանն առնչվող մի շարք խնդիրներ: Հաշվի առնելով իրավիճակը` առաջ են քաշվել սեփականության վկայականներում այդ մասին ամրագրում անելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ամրագրել, որ հուշարձան լինելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում։
Նախատեսվող մյուս կարևոր փոփոխությամբ առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու չափորոշիչները, հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների և հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևերը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, միաժամանակ նպաստել պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը, խնդիրների լուծման արդյունավետությանը և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը: