ԲԴԽ-ի որոշումները բողոքարկելու հնարավորություն նախատեսող օրենքի նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հեռակապի միջոցով մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանը, որի ընթացքում Եվրոպայի խորհրդի գործընկերներին և «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) զեկուցողներին ներկայացվել է վերջերս Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
«Փաթեթով նախատեսվում է սահմանել իրավական հնարավորություն` բողոքարկելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ինչը բխում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից և Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հանձնարարականներից:
Սարգսյանը, ներկայացնելով նախագծի հիմնական կարգավորումները, նշել է, որ դրանով նախատեսվում է իրավական հնարավորություն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վարույթները քննել Բարձրագույն դատական խորհրդի փոքր 4 անդամից բաղկացած կազմով, իսկ հետագայում դրանցով կայացված որոշումների բողոքարկման դեպքում որոշումները վերանայել մեծ 6 անդամից բաղկացած կազմի կողմից: Ընդ որում, յուրաքանչյուր նոր գործով այս կազմերը ձևավորվելու են վիճակահանությամբ:
Քննարկման երկրորդ հատվածում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները և Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները հարցեր են ուղղել հայկական կողմին` ստանալով պարզաբանումներ նախագծի կարգավորումների էության և դրանց նախատեսման նպատակների վերաբերյալ:
Քննարկումը կազմակերպվել է սույն թվականի դեկտեմբերին սպասվող`Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը քննարկված նախագծի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում: