Մայր Տաճարի հիմնանորոգման և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին
Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ժողովն ատենապետել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստման մասին ԳՀԽ-ին զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ժողովականները գոհունակությամբ արձանագրել են, որ Մայր Տաճարի հիմնանորոգման և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ 2023 թվականին Մայր Տաճարի վերաբացման ու Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծվեց հանձնախումբ։
Կարևոր անդրադարձ է կատարվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությանը, քննարկվել Հայաստանի և Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի արդար պահանջատիրությանը, առկա իրավիճակում Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։
Արցախյան 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների, վիրավոր զինվորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացրել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։
Տեր Հայրը ժողովականներին տեղեկացրել է, որ Մայր Աթոռի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված 195 զինվորականների ընտանիքներին։ Առաջիկայում դրամական աջակցություն կցուցաբերվի նաև անհետ կորած, գերեվարված զինվորականների ընտանիքներին և վիրավորում ստացած զինվորականներին։ Հիշյալ ծրագրի համար առաջին փուլով հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումար։ Ծրագրի շրջանակներում ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների ապահովվել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների կեցությունը, տրամադրվել սննդի փաթեթներ։
Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության զորացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունեության ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը։
ԳՀԽ անդամները, արժևորելով հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրություններեն կատարել նախագծի վերաբերյալ՝ հանձնարարելով մասնագիտական քննարկումների միջոցով լրամշակել և ամբողջացնել հայեցակարգը։
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կարևորությամբ անդրադարձել է եկեղեցականների պատրաստության, հոգևոր կրթական հաստատությունների գործունեության առավել աշխուժացման խնդրին։ Այս առնչությամբ որոշում է կայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հաստատել առանձին հանձնախումբ՝ աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մեջ հոգևոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգևոր կրթության ապահովման ուղղությամբ։
Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ են ծավալվելն նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվել են համապատասխան որոշումներ։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովվական, թեմական և վարչական, կյանքին առնչվող հարցեր: