Արցախը, այսինքն ամբողջ հայությունը իրավունք ունի իրավունք ունենալու. Բագրատ Սրբազան
Ֆրանսիայի հրապարակում համապետական հանրահավաքը մեկնարկը տվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը տերունական աղոթքով և օրհնության խոսքով։
«Վերջին անգամ, որ այսպիսի միջավայրում եմ գտնվել, եղել է 33 տարի առաջ Ազատության հրապարակում, երբ ես դեռ 18-ամյա երիտասարդ էի և ելույթ եմ ունեցել այնտեղ մեր վերելքի, ազատագրության, անկախության և մեր արցախյան գոյամարտին ի խնդիր։
Դժբախտաբար, ես մտածում էի և վստահ եմ ինձ նման բոլորդ, որ այդ օրերը մեզ միայն բարի հիշողություններ են, մեզ համար լիցքավորիչ են, մեր կյանքի և ինքնության վերականգնման այն խարիսխն են, որի վրա կառուցվում էր մեր կյանքը, բայց այսօր նորից վերստին կանգնած ենք այդ գոյամարտի առջև»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ այսօր ապրում են այնպիսի ժամանակահատվածում, երբ ամենաորոշակի երևույթը մեր կյանքի անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի և ծաղրի լեզվով, իսկ ներսից տագնապի, հուսահատության, վախի լեզվով։
«Մենք պետք է գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, գործենք ամեն ժամ, առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, առանց կասկածի, առանց երկմտության, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով։ Մենք պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։ Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունն ավելի ծանր են կշռում, քան ճշմարտությունն ու արդարությունը։ Շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդն իրավունք ունի իրավունք ունենալու։ Այսինքն մենք այսօր իրավունք չունենք իրավունք ունենալու։
Հետևաբար Արցախը, այսինքն ամբողջ հայությունը, որքան էլ, որ խոցված, իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել և այդ իրավունքը անբեկանելի է։
Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում»,- ասաց Բագրատ Սրբազան Գալստանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին