Կոստրոմայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ է զոհվել
ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Վեստի.ռու-ն գրում է, որ ժամանցի օբյեկտից տարհանվել է մոտ 250 այցելու և աշխատակից, մոտակայքում գտնվող տան ևս 15 բնակիչ սաստիկ ծխի պատճառով ստիպված են եղել լքել իրենց բնակարանները։
Սրճարանի ադմինիստրացիան դեռ չի կարողացել նշել արտակարգ իրավիճակի պահին ներսում գտնվող հյուրերի ճշգրիտ թիվը՝ հնչեցնելով տարհանվածների թվին մոտ թիվ։
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, գրել է, որ հրդեհի պատճառ կարող էր լինել հարբած այցելուն։ Ենթադրվում է, որ նա ժամանակ է անցկացրել մի կնոջ հետ, նրա համար ծաղիկներ պատվիրել, այնուհետև անցել է պարահրապարակ և կրակել ազդանշանային և լուսային հրթիռներ արձակող ատրճանակից, որից հետո հրդեհ է սկսվել։
Նշվում է, որ այժմ ոստիկանությունը փնտրում է հրդեհի ենթադրյալ մեղավորին։
Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, հրդեհից քիչ առաջ սրճարանում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որը, ենթադրաբար, հրդեհի հետ կապ չունի։
Ներկայում հրդեհը մարվել է, փրկարարները մաքրում են տարածքը։ Փլուզվել է նաև շինություն մոտ 3500 քմ մակերեսով տանիքը։