Չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ. Վանեցյան
Իշխանությունը 2021 թվականի ընտրություններին կարողացավ վերարտադրվել նաև այդ խաղաղության օրակարգը առաջ մղելով։ Այսօր հանրահավաքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա միաժամանակ նշեց՝ չի հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ։
«Ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք են տալիս ենթադրելու, որ նա այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում և տեսնում է, որ չի կարողանում նաև Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել: Պատերազմի ընթացքում և հետո Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են բացառապես իր իշխանությունը պահելուն:
Ինքը հասկանում է, որ եթե ինքը գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ, որ հերթական անգամ խաբելով, ինչպես ինքն է ասում՝ գժի տեղ դնելով, այլ պատճառաբանություններով, կփորձի հետաձգել դա»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանություններն ասում են, որ պատասխանատու չեն Արցախի անվտանգության համար, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Իրենք իրավասու չեն նման հայտարարություն անել։ ՀՀ անկախության հռչակագրում հստակ նշված է Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը։ Սակայն այս մարդիկ ցույց են տալիս, որ իրենց համար կարևորը իշխանությունը պահելն է, այլ ոչ թե այն՝ Արցախը կլինի, թե ոչ, Սյունիքում այս կամ այն գյուղը կլինի մերը, թե ոչ»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական, թե արևմտյան տարբերակն է ընդունելի, «Հայրենիք» կուսակցության նախագահն ասաց.
«Մենք որևէ պաշտոնական փաստաթուղթ չենք տեսել, կարող ենք խոսել մամուլում հայտնված վարկածների մասին: Մասնավորապես, կա միացյալ Արևմուտքի կողմից առաջարկ, որն ուղիղ ասում է՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակն ասում է՝ Արցախի հարցը պետք է հետաձգվի, ստատուս-քվոն պահպանվի, հետագայում այս հարցը լուծվի: Միանշանակ ես կողմնակից եմ, որ Արցախը մնա գոնե այս իրավիճակում, մինչև կունենանք հետագայում հնարավորություն Արցախի կարգավիճակը լուծելու»:
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակմանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ողջունում է այդ նշանակումը՝ ելնելով մի քանի հանգամանքից. «Նախ Ռուբեն Վարդանյանն իր անձով, իր ապրած կյանքով բավականին լայն ճանաչում ունի աշխարհում։ Նրա փորձը, գիտելիքները կարծում եմ, որ կծառայեն Արցախին և արցախցուն»։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ այդ մասին որևէ խոսակցություն չի եղել, բայց նրան առհասարակ նորմալ է վերաբերվում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին