Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին չեղարկել «Ռոսսելխոզբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցները
Ռուսաստանը Արևմուտքին կոչ է արել չեղարկել «Ռոսսելխոզբանկի» նկատմամբ պատժամիջոցները՝ ռուսական հացահատիկի արտահանումը հեշտացնելու համար, հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ռուսաստանը խնդրել է արևմտյան երկրներին թույլատրել «Ռոսսելխոզբանկ»-ին վերականգնել իր հարաբերությունները այլ բանկերի հետ՝ չնայած պատժամիջոցներին»,-ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ դա բանկին թույլ կտա վճարումներ կատարել հացահատիկի և այլ պարենային ապրանքների համար։
ՄԱԿ-ում գործակալության աղբյուրը հայտնել է, որ նախաձեռնությունը քննարկվում է Եվրամիության և այլ կողմերի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվել ռուսական արտադրանքի արտահանման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից։
Պուտինը սեպտեմբերի սկզբին նշել էր, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասը ստանում է Արևմուտքը, այլ ոչ թե աֆրիկյան կարիքավոր երկրները։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված «ապրանքային գործարքի» մի մասը չի գործում։ Դրա պատճառով, ըստ նրա, չի բացառվում պայմանագրի խզումը։ Պայմանագրի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Սակայն անցյալ շաբաթվա վերջին, երբ Կիևը Սևաստոպոլում ռուսական նավերի վրա ահաբեկչություն իրականացրեց, Մոսկվան դադարեցրեց մասնակցությունը հացահատիկի գործարքին, սակայն Թուրքիայի հետ բանակցություններից և Ուկրաինայից գրավոր երաշխիքներ ստանալուց հետո վերադարձավ համաձայնագրի իրականացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան