Պետք է լինել հարգանքի արժանի գործընկեր, որի պակասը ես այսօր մի փոքր զգում եմ. Ավետ Ադոնց
«Վալդայում Ռուսաստանի նախագահի հնչեցրած մտքերը և թեզերը շատ սպասելի էին այն ֆոնին, թե ինչ է կատարվում Հայաստանում վերջին շրջանում»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը։
Նա հստակեցրեց, որ նկատի ունի թե բավականին ակտիվացած հակառուսական տրամադրությունները, թե ՀԱՊԿ օրակարգի հետ կապված բուռն քննարկումները։
Դիվանագետի խոսքով, Սոչիում եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումն ու դրա արդյունքում ընդունված հայտարարությունը Վալդայի տրամաբանական շարունակությունն էր։
«Սոչիում ընդգծվեց, ողջունվեց ՌԴ ռազմական ներկայությունը տարածաշրջանում առանց, ցավոք, նշելու որտեղ, ճիշտ վայրը կամ վայրերը։ Ռուսաստանն այսպես իր պատգամը հղեց թե տարածաշրջանի երկրներին, թե միջազգային հանրությանը, որ լինելով բավականին ներգրված այլ շատ ակտիվ օրակարգերում՝ ռազմական գործողություններ Ուկրաինայում, դա չի նշանակում, որ զուգահեռաբար ՌԴ-ն հնարավորություն կամ ռեսուրս չունի զբաղվել այլ տարածաշրջանային խնդրով, որոնք հույժ կարևոր են»,- ասաց նախկին փոխարտգործնախարարը։
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է դիվանագիտական ճանապարհով վիճակը շտկել կամ մի թեթև Հայաստանի ուզածով շարունակել, Ա.Ադոնցը նախ նշեց, որ դիվանագիտությունն արտաքին քաղաքականություն իրականացնելու գործիք է, ընդամենը գործիք է. «Նախ պետք է մշակվի այդ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային շահի վրա։ Հետո արդեն խոսենք դիվանագիտության մասին։
Միայն դիվանագիտությունը որպես արտաքին քաղաքականություն իրականացելու գործիք բավարար չէ։ Պետք է ուժեղ լինել, վստահ լինել, որպեսզի օգտագործես քո բոլոր դիվանագիտական լծակները։ Եվ, իհարկե, նաև պետությունը լինի վստահելի և կանխատեսելի միջազգային գործընկերների համար, լինի հարգանքի արժանի գործընկեր, որի պակասը ես այսօր մի փոքր զգում եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Երբ ու ոնց կպայթի վառոդով լի տակառը, որևէ մեկն ասել չի կարող
- Սաթիկ Սեյրանյան. Մինչև հանրահավաք անելը տնային աշխատանք է պետք անել
- Մենք պետք է փոխենք պատերազմում պարտված լինելու մեր կեցվածքը. Ավետ Ադոնց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան