Այս տարի ֆերմերներից հավաքագրվել է 866 մլն դրամ ապահովավճար, բայց փոխհատուցվել է 1 մլրդ 200 մլն դրամի վնաս.Արման Խոջոյան
«Ընդհանուր հավաքագրվել է 866 մլն դրամ ապահովավճար, որից կառավարությունը վճարում է 50 %-ը»,-ԱԺ ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ արձագանքելով գյուղոլորտը ապահովագրելու վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Փոխնախարարի խոսքով՝ այդ ծավալում պետության մասնաբաժինը եղել է 433 մլն դրամ:
«Ապահովագրական ընկերություններն այն ֆերմերներին, որնք այս տարի տուժել են կարկուտից, ցրտահարությունից, այս տարի մեկնարկած սակավաջրության պիլոտային ծրագրից, որը շատ փոքր տոկոս է ակզմում, փոխհատուցել են 1 մլրդ 200 մլն դրամ»,-տեղեկացրեց փոխնախարարը:
Արման Խոջոյանը հիշեցրեց, որ նախկինում մարզպետարաններն էին փոխհատուցում այդ վնասները և ամբողջական փոխհատուցում տեղի չէր ունենում, իսկ այսօր ամբողջական փոխհատուցում կա և ոչ միայն նախատեսված ռիսկերն են ավելացել, այլև ապահովագրական փաթեթների ծավալները:
Նրա խոսքով՝ ապահովավճարի ավելի մեծ չափեր վճարելով ֆերմերներն կարող են ընտրել այնպիսի փաթեթներ, որոնք կփակեն ոչ միայն կորցրած ծախսերն, այլև ակնկալվող եկամտի կորստի մի մասը: