Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնում է թուրքական նախապայմանները բավարարած. Սուրեն Սարգսյան
«Ռուսաստան-ԱՄՆ մրցակցությունը միշտ էլ եղել է սկսած սառը պատերազմի ավարտից ու ԽՍՀՄ փլուզումից հետո։ 1992 թվականից սկսած ԱՄՆ համար մեր տարածաշրջանում կոնկրետ առաջնահերթություն է եղել՝ պլան մաքսիմումը ՌԴ-ին դուրս մղելը, պլան մինիմումը՝ գոնե բալանսավորելը»,- «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով, Ռուսաստան-ԱՄՆ մրցակցությունն ընթանում է հետևյալ տրամաբանության ներքո՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում նվազի։
«Ընդունված կարծիք կա, որ դրա լավագույն լուծումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է և Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, որը մեխանիկորեն այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կամ տարածաշրջանում ընդհանրապես չլինի։ Պատմության ընթացքում ամեն անգամ, երբ հնարավորություն է եղել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու կամ ԼՂ խնդիրը լուծելու համար, ամերիկյան դիվանագիտությունն աննախադեպ ակտիվացել է»,- ասաց քաղաքագետը։
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ է հիմա ակտիվացել ամերիկյան դիվանագիտությունը։
«Հիմա այդ հնարավորությունը կա, բայց էապես տարբերվում է նախկին ժամանակահատվածներից, որովհետև մարդկության պատմության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերից առաջինն է, որ Հայաստանը գնում է, ըստ էության, թուրքական նախապայմանները բավարարած։ Նակինում երբեք նման բան չի եղել, նախապայմանները երբեք բավարարած չեն եղել, հիմա բավարարված են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգից հանված է, Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ, տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում, ըստ էության, Ալիևն էլ արդեն ասում է, որ լուծված է»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Նա վստահ է, որ հիմա երկկողմ բարձր մակարդակի շփումները երկկողմ օրակարգի հետ որևէ աղերս չունի, հայ-ամերիկյան օրակարգ որպես այդպիսին չկա, կա ամերիկյան տարածաշրջանային օրակարգ։
«Ի դեպ, ԱՄՆ շատ ավելի կարևորություն է տալիս մեր տարածաշրջանին, քան երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը, որովհետև այս տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մի կողմից հարևան է իր ռազմավարական դաշնակից Թուրքիային, մի կողմից հարևան է Իրանին, որը, ըստ էության, ԱՄՆ թշնամին է, մյուս կողմից հարևան է ՌԴ-ին, որն էլ ԱՄՆ գլոբալ մրցակիցն է։ Այնպես որ տարածաշրջանը շատ ավելի կարևոր է ԱՄՆ համար և խնդիրները լուծելով իրենք ցանկանում են, որ մեր տարածաշրջանը մոտավորապես նման լինի Բալթյան երկրներին»,- ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։