Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Նոյեմբերի 7-ին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից։
«Հյուրերի թվում էին նաև «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և դեսպանատան աշխատակիցներ:
Այցի սկզբում դեսպանը շրջայց կատարեց համալսարանում գործող Բրյուսովի անվան թանգարանում, որտեղ պահպանվում են գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ուշագրավ ցուցանմուշներ: Այնուհետև դեսպանը ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում համալսարանի Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Միքայել Ամիրխանյանին հանձնեց Ս. Պուշկինի անվան պատվավոր մեդալը, որով նրան պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր համալսարանում ռուսերենը ուսուցանվում է ոչ միայն Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետում, այլև մնացած բոլոր ֆակուլտետներում՝ որպես երկրորդ օտար լեզու: Մշտապես ուշադրություն է դարձվում ոչ միայն ռուսերենի, այլև ռուս գրականության, մշակույթի, պատմության և ավանդույթների խորն ուսումնասիրությանը։ Համալսարանում երկար տարիներ գործում է «Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը»՝ պրոֆեսոր Ամիրխանյանի գլխավորությամբ, ով իր գործի իսկական նվիրյալն է։ Կենտրոնն ամեն տարի կազմակերպում է միջազգային գիտաժողովներ՝ նվիրված մեծանուն ռուս գրողներին»,-նշել է համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Իր խոսքում դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց Բրյուսովի անվան պետական համալսարանի առանցքային դերակատարումը երկու երկրների հումանիտար և մշակութային հարաբերություններում։ Դեսպանի խոսքով՝ ռուս գործընկերների հետ համագործակցության շրջանակներում բուհը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում։ Սերգեյ Կոպիրկինը նաև գոհունակությամբ նշեց, որ այցելել է Բրյուսովի անվան թանգարան և շատ տպավորվել է։ Դեսպանն առանձնահատուկ շեշտեց, թե ինչքան սեր է տածել Վալերի Բրյուսովը Հայաստանի հանդեպ։
«Այս տարի նշելով Հայաստանի և Ռուստաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, պետք է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները այս համալսարանի հետ ձևավորվել են շատ ավելի վաղ: Հայ-ռուսական հարաբերությունները խորն են և ունեն դարերի պատմություն: Այդ հարաբերությունների ամուր ու կայուն գրավականը բոլոր նրանք են, ովքեր բարեկամաբար և փոխադարձ սիրով են վերաբերվում մեր երկու երկրների ժողովուրդներին»,-նշեց դեսպանը։
Ռեկտոր Կարինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հյուրերին Հայաստանի և Ռուստաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումն իրենց մասնակցությամբ հիշարժան դարձնելու համար»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսովի անվան պետական համալսարան ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է
- Nemra-ն ելույթով հանդես կգա Բրյուսովի անվան համալսարանում
- Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին
- «Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն
- Ես հասկանում եմ, որ իշխանությունը պահելու համար դա շատ լավ է, բայց մի արեք այդպես․ Բրյուսովի ուսանողը՝ պաշտոնյային