Սիրանուշ Սահակյան. Թումանյանցը Կարեն Անդրեսայանի հետ ունի հատուկ կապ ու սերտաճվածություն
ԲԴԽ-ն քննում է դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Դատավորի շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը բացարկի միջնորդոթյուն ներկայացրեց ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի նկատմամբ, ով եղել է Կարեն Անդրեասյանի տեղակալը։ Հենց Անդրեասյանի որոշմամբ էլ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում է կայացվել։
«Երանուհի Թումանյանց ի պաշտոնե կիսել է արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ իրականացնելու քաղաքականությունը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը՝ վկայակոչելով դատական օրենսգրքի 151 հոդվածի 1-ին մասի կարգավորումը, համաձայն որի, «Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունն սկսվում է հարցի էության և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Լիազոր մարմինը, ապա Լիազոր մարմինը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին: Եթե կարգապահական վարույթը հարուցել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը: Եթե կարգապահական վարույթը հարուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը»։
Սիրանուշ Սահակյանն ասաց՝ Երանուհի Թումանյանցը հանդես է եկել ԲԴԽ-ում որպես Կարեն Անդրեասյանի ներկայացուցիչ Զարուհի Նախշքարյանի գործով, ինչը հաստատում է, որ նրանք համատեղ են կայացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Թումանյանցը մի քանի ագամ փոխարինել է նախարարին, բացի այդ, նա Կարեն Անդրեսայանի հետ ունի հատուկ կապ ու կայուն, տևական սերտաճվածություն, նրանք միասին աշխատել են Մարդու իրավունքների գրասենյակում, ապա փաստաբանական ընկերությունում, հետո՝ ԱՆ-ում, ապա նաև ԲԴԽ-ում։
«Չենք կարծում, որ Թումանյանցը կարող է անաչառ լինել իր նախկին ղեկավար, ընկեր, գործընկեր Կարեն Անդրեասյանի հարուցած կարգապահական վարույթի առնչությամբ»,-ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ Թումանյանցի, Կարեն Անդրեսայանի ու նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի միջև գոյություն ունեն տևական հարաբերություններ։
ԱՆ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ Թումանյանցը որևէ առնչություն չի ունեցել դատավոր Ստեփանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։
ԲԴԽ անդամները գնացին խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննելու։ Վերադարձան ու հայտարարեցին՝ որոշվեց միջնորդությունը մերժել։