Ես չեմ տեսել, ես չեմ լսել. դատավոր Արթուր Ստեփանյան
«Ես կարող եմ միայն իմ մասով ասել՝ չունեմ կաշկանդվածություն, ինձ ճնշված չեմ զգում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դատավորների միության փոխնախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում շատ է խոսվում, որ դատավորները կաշկանդաված են, ուղիղ միջամտություն կա իշխանության կողմից հատկապես այն գործերի դեպքում, որոնք քաղաքական ուղղվածություն ունեն։
Նա նշեց, որ երբևէ զանգեր չի ստացել պետական պաշտոնյաներից, շահագրգիռ կողմից, այլապես պետք է դիմած լիներ ԲԴԽ։
Հարցին՝ նախորդ իշխանության ժամանակվանից խոսվում է դատական համակարգի կոռումպացված լինելու մասին, որ դատական համակարգի վրա քաղաքական ճնշումներ կան, ձեր պրակտիկայում երբևէ տեսե՞լ եք, լսե՞լ եք, առնչվե՞լ եք, զգացե՞լ եք, որ կա քաղաքական միջամտության որոշակի դրսևորում, դատավորն ասաց. «Ես չեմ տեսել, ես չեմ լսել, մամուլում կարդացել եմ»։
Լրագողի ճշտող հարցին` մամուլը ինչ գրում է, ճի՞շտ է գրում, նա արձագանքեց. «Ես հարգում եմ մեր մամուլը»։
Նա նաև ասաց, որ Դատավորների միությունը հետևել է ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հայտարարություններին ու գրառմանը, իսկ թե ինչ է պատրաստվում անել միությունը՝ այս պահին չի բարձրաձայնի մինչև որոշում չկայացվի։
Ա.Ստեփանյանի խոսքով, դատական իշխանությունում, այդ թվում՝ Դատավորների միությունում, դիմություն-ընդդիմություն չկա, մի համայնք է, բնականաբար, յուրաքանչյուրը կարող է ունենալ այլ կարծիք։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին