ՄԻԵԴ-ը որոշել է՝ բանակում ինքնասպան եղած Արտակ Նազարյանի ընտանիքին պետությունը պետք է վճարի 23.500 եվրո
ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդեմ Հայաստանի գործով որոշումը։ Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են կանխել լեյտենանտի մահը, որը հակված է եղել ինքնասպանության, ինչպես նաև հետաքննության ընթացքում եղել են թերություններ։
Գործը վերաբերում էր դիմումատուների որդու և եղբոր՝ Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ և դրան հաջորդած քննությանը։
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ՄԻԵԴ-ից, դատարանը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։
Դատարանը, մասնավորապես, գտել է, որ զինված ուժերում հոգեբանական աջակցության համակարգի բացակայության պատճառով Ա. Նազարյանին աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած վերջինիս ինքնասպանություն գործելու ակնհայտ ռիսկին։
Ավելին, իշխանությունները չեն կարողացել ձեռնարկել համապատասխան և արդյունավետ միջոցներ՝ կանխելու այդ ռիսկի իրականացումը: Հետևաբար, պետությունը չի կատարել իր պարտավորությունը՝ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել զինվորական ծառայության ընթացքում նրա կյանքը պաշտպանելու համար։
Դատարանը նաև համարել է, որ գործի հետաքննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի կարողացել պաշտպանել դիմումատուների շահերը և նրանց հնարավորություն չի տվել պատշաճ կերպով իրականացնել իրենց իրավունքները։
Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 41 հոդվածի համաձայն, պետութունը պետք է 20 հազար եվրո վճարի դիմումատուներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3500 եվրո դատական ծասխերի համար։
Կոնվենցիայի 41 հոդվածը վերաբերում է արդարացի բավարարմանը.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Հիշեցնենք, որ Ա. Նազարյանին մահացած էին գտել 2010 թվականի հուլիսի 27-ին հենակետում՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Նազարյանի գործով վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ
- Դատարանը կայացրել է Արտակ Նազարյանի գործով վճիռը. Տուժող կողմը վճռական է բողոքարկել այն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին