Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 108-րդ տարեդարձն է
«Կյանքը կա, ապրում է հրաշք ուժի մեջ: Ապրեցնելը բոլոր ոճերի ու գույների արվեստների աղն է: Արվեստը պետք է ապրեցնի: Իսաբեկյանի արվեստը ապրեցնողն է»,- Էդուարդ Իսաբեկյանի մասին ասել է գրող Սերո Խանզադյանը:
Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 108-րդ տարեդարձն է։
Է. Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։
1927-1931 թվականներին սովորել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում, ուր նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեջյանը (գեղանկար), Գոհար Ֆերմանյանը (գծանկար)։
1935-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին երկու տարիներին հաճախել է գրաֆիկայի բաժին, այնուհետև տեղափոխվել գեղանկարի բաժին՝ Կոտե Գզելիշվիլու ղեկավարությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «1903 թվականի Բաթումի բանվորների ցույցը»։ Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է (թեմատիկ-կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Էդվարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներում:
«Վարպետի կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»: Այսպես է նկարագրել ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանին Իսաբեկյանի ընկեր, վրաց նշանավոր բանաստեղծ Մորիս Փոցխշվիլին:
Արվետագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանն իր ակնարկում գրվում է. «Իր պատմական նկարներով նա Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներով՝ նա Ալեքսադր Բաժբեուկ- Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ և հերոսներով նա Դերենիկ Դեմերճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: … Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլև հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում,ն րա ժամանակ ընդլայնվել է պատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումը այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաև հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր և «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը»:
«1979 Ես սիրում եմ նկարելը, նկարչությունը, որի նման հաճույք ոչնչի հետ չեմ կարող համեմատել (մատիտով նկարչությունը)...
Նկարչությունը: Ի՜նչ անսահման հաճույք, երբ միտքդ գալիս է ու մատիտի սուր ծայրի միջով նկարվում սպիտակ թղթի վրա…շարժվում է ձեռքդ, և գծերը գրկվում են, բաժանվում, վազում, ընկնում…» (Էդուարդ Իսաբեկյան. Օրագրից...):
Իսաբեկյանին նվիրված են բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ մենագրություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրման համար: Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Նկարահանվել են Իսաբեկյան արվեստագետին ներկայացնող տասնյակ ֆիլմեր։
Է. Իսաբեկյանը մահացել է 2007-ին, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան