«Ապրելու ենք». Արցախի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա Երևանում
Նոյեմբերի 30-ին Երևանում՝ Ճարտարապետների միության դահլիճում, ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը։ Համերգը կրելու է «Ապրելու ենք» խորագիրը։ Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը կայանում է ամենամյա «Yerevan Jazz Fest»-ի շրջանակում։
Panorama.am-ը սպասվող համերգի, խորագրի ընտրության, ծրագրի մասին զրուցել է Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Դանիելյանի հետ։
Panorama.am- Սկսենք համերգի խորագրից՝ «Ապրելու ենք»։ Ինչո՞ւ որոշեցիք հենց նման խորագրով հանդես գալ։ Խմբի անդամների մոտ կա՞ այդ վճռականությունը, համոզմունքը, որ թեև այսօրվա իրավիճակին, Արցախը, արցախցին ապրելու է իր պատմական հայրենիքում, պատմական հողի վրա։
Էդուարդ Դանիելյան - «Ապրելու ենք»… Վերաբերում է Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակին։ Թեև ամեն կերպ ուզում են հայրեիս ճնշել, թուլացնել, բաժանել, բայց մենք հենց այս խորագրով ուզում ենք ասել, որ մենք ապրելու ենք, արարելու ենք, նվագելու ենք ամենակարևորը՝ մեր հողում, մեր հայրենիքում։
Panorama.am - Ո՞րն է այս համերգի ասելիքը հենց հայաստանցի հանդիսատեսին։
Էդուարդ Դանիելյան - Այնպես չէ, որ հատուկ բան ունենք ասելու։ Ես ընդհանրապես տարբերություն չեմ դնում, քանի որ նույն ազգն ենք, ունենք նույն մտածելակերպը, նույն գաղափարները։
Նվագախմբի կազմը նոր է, լրիվ նոր մոտեցումներ են, և ուզում ենք այս նոր կազմով մեր նոր ծրագիրը ներկայացնել մեր ժողովրդին։ Տարիներ շարունակ նվագախումբը նաև Հայաստանում ունի մեծ լսարան։
Panorama.am - Ի՞նչ ծրագրով եք հանդես գալու։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էիք՝ «այս փուլում ուզում ենք մեր հայկական երաժշտությունն առաջ տանել»։ Արդյո՞ք այս համերգում էլ շեշտը դրվում է հայկական երաժշտության վրա։
Էդուարդ Դանիելյան- Մեր երգացանկում մեծ մասը հայկական ստեղծագործություններ են։ Բայց այս անգամ ավելացրել ենք արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, բայց էլի՝ մեծ մասը մեր երիտասարդ կոմպոզիտորների գործերն են՝ Դավիթ Գյոդակյան, Դավիթ Մելքոնյան, Տիգրան Սուչյան։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։