Վստահ եմ՝ մեր հարաբերությունները հաջող կընթանան․ Գիորգի Տկղեմալաձեն՝ Վրաստանում ՀՀ դեսպանին
Թբիլիսիի ավագանու (սակրեբուլո) նախագահ Գիորգի Տկղեմալաձեն ընդունել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։Այս մասին գրում է aliq.ge-ն ՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքային խորհրդի տրամադրած տեղեկությանը։
Ըստ այդմ՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղխորհրդի նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
«Ուզում եմ շնորհավորել Ձեզ դեսպանի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Ձեր այցը մեծ պատիվ է մեզ համար։ Վստահ եմ, որ մեր հարաբերությունները հաջող կընթանան։ Հավատում եմ, որ միասին կկարողանանք անել ամեն ինչ մեր պետությունների միջև եղբայրական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար»,- ասել է Գիորգի Տկղեմալաձեն։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդի նախագահին ընդունելության համար և նշել, որ իր համար առանձնահատուկ պատիվ է լինել Վրաստանում Հայաստանի դեսպանը։
«Վրաստանը առանձնահատուկ երկիր է Հայաստանի համար։ Վրաց-հայկական հարաբերությունները շատ խոր արմատներ ունեն։ Ես կփորձեմ շարունակել իմ աշխատանքն այնպես, որ այդ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,- ասել է Վրաստանում ՀՀ դեսպանը։