Մանվել Վասիլև-Այրումյան. Ի՞նչն է նրան բերել Երևան մի քանի շաբաթ առաջ և ինչպես է նա պատրաստվում աջակցել Հայաստանին
Սեպտեմբերի 3-ին Երևանի Opera Suite հյուրանոցում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի գլխավոր բանախոս, փաստաբան Մանվել Վասիլյեվ-Այրումյանը ներկայացրել է ԱՄՆ մուտքի վիզա և տարբեր տեսակի «Green Card»-եր ստանալու հնարավորություններն ու առկա ընթացակարգերը։ Սեմինարը, որը կրում էր «Ներգաղթ ԱՄՆ։ Գործատու չպահանջող վիզաներ և «Green Card»-եր» անվանումը, նախատեսված էր փաստաբանների, բիզնեսների սեփականատերերի ու կառավարիչների, արվեստի և գիտության գործիչների, բարձր որակավորում ունեցող մասնագետների, սպորտսմենների և այլոց համար։
Մանվել Վասիլյեվ-Այրումյանը, ով հայկական ծագում ունի, ոլորտում աշխատում է ավելի քան 20 տարի։ Նա ԱՄՆ-ում գործող InterlinkLaw փաստաբանական ընկերության ղեկավարն է և մասնագիտացած է ԱՄՆ քաղաքացիության, կեցության իրավունքի, աշխատանքային և բիզնես վիզաների ստացման և ընդհանրապես՝ իմիգրացիոն օրենսգրքի ոլորտում։
Թե ի՞նչն էր նրան բերել Հայաստան, Panorama.am-ը փորձեց պարզել հենց իրենից՝ Մանվել Վասիլյեվ-Այրումյանից։
Հարց-Պարոն Այրումյան, վերջերս Երևանում տեղի ունեցավ սեմինար, որտեղ դուք խոսեցիք ԱՄՆ իմիգրացիոն քաղաքականության, այնտեղ ապրելու և աշխատելու հնարավորությունների մասին։ Կպատմե՞ք Ձեր առաքելության մասին։ Ինչու՞ եք անհրաժեշտ համարել Հայաստանում նման միջոցառման մասնակցել։
Պատասխան-Կոնսուլտացիաներն ու իրավաբանական խորհրդատվությունը իմ մասնագիտական գործունեության մի մասն են կազմում։ Ես շատ եմ ստանում նման սեմինարների և քննարկումների մասնակցության հրավերներ տարբեր երկրներից։ Դե իսկ Հայաստանի` իմ հայրենիքի պարագայում, իհարկե, մերժել չէի կարող։ Ցավոք, Հայաստանը այն երկրներից է, որտեղ շատ քաղաքացիներ ցանկանում են իրենց բարեկեցությունն ապահովելու նպատակով մեկնել ԱՄՆ։ Միացյալ Նահանգներում հայկական մեծ սփյուռք կա, որը լրացուցիչ խթան է հանդիսանում որպեսզի ՀՀ քաղաքացիները ցանկանան մեկնել ԱՄՆ, փորձել աշխատանք գտնել այնտեղ, բուժում ստանալ, մասնագիտական կարողությունները բարելավվել կամ պարզապես ապրել Նահանգներում։ Սա մի իրողություն է, որն ունի շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Եվ քանի որ ես ունեմ հայկական արմատներ, ինձ համար առանձնակի դժվար է տեսնել թե ինչ պայմաններում են հայտնվում ԱՄՆ օրենսդրությանն անծանոթ, բայց այնտեղ իրենց անձնական բարեկեցությունը որոնող իմ հայրենակիցները։
ԱՄՆ-ում գործող մեր փաստաբանական գրասենյակին հաճախ են դիմում մարդիկ, ովքեր այնտեղ դժվար դրության մեջ են հայտնվել։ Իմ մասնագիտական փորձը վկայում է այն մասին, որ շատ անախորժություններից հնարավոր է խուսափել եթե ԱՄՆ տեղափոխվելու որոշմանը հետևի ճիշտ ընթացակարգերով այնտեղ գնալու որոշումը։ Ցավոք, Հայաստանի շատ քաղաքացիներ նախընտրում են ԱՄՆ մեկնել զարտուղի ճանապարհներով։ Խոսքը հիմնականում վերաբերվում է ապօրինի միգրացիային, ինչը, բնականաբար, հետագայում մեծ խնդիրներ է ատեղծում այդ կերպով Միացյալ Նահանգներում հայտնված քաղաքացիների համար։ Սա տարածված խնդիր է, որից, սակայն, կարելի է խուսափել, եթե ամեն ինչ նախապես ճիշտ պլանավորվի և իրագործվի օրենքի սահմաններում։ Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի իրավական համայնքը նույնպես մտահոգված է այս խնդիրներով:
Սեմինարի ընթացքում ես պատմել եմ ԱՄՆ օրենսդրության ընձեռած հնարավորությունների, սահմանափակումների և ճիշտ ընթացակարգերի մասին։ Լիահույս եմ, որ դա կուղղորդի սեմինարին ներկա իրավաբաններին, ղեկավարներին և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին ու կօգնի նրանց խուսափել այն խնդիրներից, որոնք կարող են առաջանալ եթե իրենք, իրենց հաճախորդները կամ աշխատողները երբևէ ԱՄՆ տեղափոխվելու որոշում կայացնեն։
Հարց-Դուք ասացիք, որ ՀՀ շատ քաղաքացիներ ԱՄՆ-ում դժվար կացության մեջ են հայտնվում իմիգրացիոն օրենսդրությունը խախտելու պատճառով։ Բայց միևնույն ժամանակ հայտնի փաստ է, որ արտագաղթը Հայաստանից դեպի ԱՄՆ շարունակվում է մեծ տեմպերով։ Ինչպե՞ս է այդպես ստացվում։ Ուրեմն այդ խնդիրներն անհաղթահարելի չե՞ն։
Պատասխան-Շատ դեպքերում դրանք անհաղթահարելի են։ Վստահ եմ՝ դուք նույնպես տեղյակ եք, որ ԱՄՆ ներգաղթած շատ քաղաքացիներ հետագայում արտաքսվում են երկրից։ Եվ դա, իհարկե, վերաբերվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ նաև բոլոր իմիգրանտներին, ովքեր հայտնվել են ԱՄՆ-ում անօրինական ճանապարհներով։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ այդ խնդիրները հաղթահարվում են։ Սակայն դրա համար ԱՄՆ եկած քաղաքացիները ստիպված են լինում չափազանց մեծ գին վճարել։ Նրանք մեծ գումարներ են վճարում իրավաբանների, տարբեր միջնորդ կազմակերպությունների և Աստված գիտի թե էլ ում։ Իմ պրակտիկայում քիչ չեն եղել մարդիկ, որոնք ԱՄՆ-ում կեցության իրավունք ստանալու նպատակով վաճառել են իրենց գույքը՝ տունը, մեքենան, ամբողջ ունեցվածքը, առանց ունենալու երկարաժամկետ վիզա կամ վիզա ստանալու հիմնավոր պլան: Որքանո՞վ է սա արդարացված, չգիտեմ։ Թերեւս ամեն մեկն իր պատասխանն ունի այդ հարցին։ Բայց ինչու՞ գնալ նման զոհողությունների, եթե կարելի է պարզապես լավ ուսումնասիրել ԱՄՆ-ի օրենսդրությունը, հասկանալ բոլոր հնարավորություններն ու ռիսկերը և միայն դրանից հետո ԱՄՆ տեղափոխվելու մասին որոշում կայացնել։
Իմ և մեր փաստաբանական գրասենյակի առաքելությունը հենց այդ է՝ օգնել մարդկանց խուսափել անհարկի խնդիրներից, լինել իրավաբանորեն գրագետ և հանուն մշուշոտ հեռանկարների չվատնել տարիներով և տասնամյակներով ձեռք բերած իրենց վաստակը։
Հարց-Արտագաղթը Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն է։ Չե՞ք կարծում, որ ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ մեկնելու, այնտեղ ապրելու և աշխատելու հնարավորություններին ծանոթացնելով կարող ենք նպաստել այդ խնդրի խորացմանը։
Պատասխան-Ճիշտ հակառակը։ Իմ գլխավոր նպատակն է, որ իմ հայրենակիցները չկայացնեն մինչև վերջ չհաշվարկված և անօրինական որոշումներ։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ցանկանում են տեղափոխվել ԱՄՆ, այդ որոշումը կայացնելուց հետո այլևս ոչնչի առջև կանգ չեն առնում։ Որպես իրավաբանական ընկերություն՝ մենք օգնում ենք մեր հաճախորդներին ամեն ինչ ճիշտ պլանավորել և համոզվում ենք, որ նախքան այլ երկիր տեղափոխվելու այս կարևոր քայլը, մարդը լիովին գիտակցում է բոլոր ռիսկերն ու հնարավորությունները և գնում է օրենքի ճանապարհով։ Սա իսկապես շատ կարևոր է։
Բացի այդ, կա նաև հարցի երկրորդ կողմը։ ԱՄՆ մեկնել ցանկացող ոչ բոլոր քաղաքացիներն են ցանկանում գնալ այնտեղ ապրելու նպատակով։ Շատերին դա անհրաժեշտ է, օրինակ, բուժման նպատակով։ Շատ երիտասարդներ ցանկանում են կրթություն ստանալ ԱՄՆ-ում՝ հետագայում նպատակ ունենալով իրենց գիտելիքով ծառայել հայրենիքին։ Բիզնես ոլորտը նույնպես հնարավորություններ է փնտրում ԱՄՆ-ում և դա, կարծում եմ, շատ լավ է Հայաստանի համար որովհետեւ միեւնույն է այդ բիզնեսը շարունակում է գործել Հայաստանում եւ օգուտ տալ հայկական պետությանն ու ժողովրդին։ Այսպիսով, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։
Ինչ վերաբերվում է արտագաղթին, ապա դա իսկապես շատ մտահոգիչ հարց է, որի հանդեպ ես նույնպես անտարբեր չեմ։ Ավելին ասեմ, մեր թիմն այժմ աշխատում է մի սթարթափի շուրջ, որը մարդկանց տալիս է հավելվածների միջոցով իրավաբանական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Մեր մշակած վերջին գործիքներից մեկը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար առցանց դիմում լրացնելու հավելվածն է։ Այն թույլ է տալիս մարդկանց աշխարհի ցանկացած վայրից հեշտությամբ լրացնել հայտը և ստեղծել անհրաժեշտ փաստաթղթերը առցանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով։ Մարդիկ կարող են լրացնել քաղաքացիության հայտը անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն լեզուներով, իսկ ծրագիրն ինքնուրույն կթարգմանի այն հայերեն։ Այսինքն, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար այլևս ձեռքով հայտ լրացնելու կամ հայալեզու որևէ մեկին դա անելու համար դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Այդ ամենը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ AmpiChap ծրագրի միջոցով, ընդամենը ձեռքի տակ ունենալով համակարգիչ կամ հեռախոս։
Հարց-Այսինքն սա ՀՀ քաղաքացիություն ստանալու նոր գործի՞ք է։ Ուրիշ ի՞նչ ծառայություններ է առաջարկում AmpiChap սթարթափը։
Պատասխան-AmpiChap-ը իրավաբանական ծառայությունների ավտոմատացման գործիք է։ ԱՄՆ-ում իրավաբանական ծառայությունները շատ թանկ արժեն։ AmpiChap-ի միջոցով քաղաքացիները կարող են բազում գործարքներ կատարել ինքնուրույն՝ խնայելով և՛ իրենց ժամանակը, և՛ միջոցները։ Եվ քանի որ, ինչպես արդեն նշեցի, ես անտարբեր չեմ Հայաստանի ու իմ հայրենակիցների ճակատագրի հանդեպ, մենք որոշել ենք ՀՀ քաղաքացիություն ստանալու հայտ լրացնելը դարձնել այս սթարթափի գործիքներից մեկը։ Հուսով եմ՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցները կօգտվեն այս հնարավորությունից և էլ ավելի ամուր կապերով կկապվեն իրենց հայրենիքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան