«Ժողովուրդ». Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ միանշանակ որպես սևի, սգի ու կորստի օր է մնալու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ երկու տարի անց, պատերազմը, ցավոք, չի ավարտվել: Ապացույցը հակառակորդի կողմից անընդհատ հրահրվող սադրանքները, ռազմական գործողություններն ու վերջին՝ սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմն էր:
Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ միանշանակ որպես սևի, սգի ու կորստի օր է մնալու և խաբկանքի ու հուսալքության խարանը հիշեցնելու 44 օր շարունակ «հաղթելու ենք»-ի հույսով ու բերկրանքով ապրող մեր հայրենակիցներին: Ցավալի իրադարձությունից 2 տարի անց առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուրիս մտքին, հետևյալն է. իսկ ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ դասեր ենք քաղել պատերազմից կամ քաղե՞լ ենք արդյոք առհասարակ:
Մոտ երեսուն տարի համայն հայության ջանքերով կերտված ու ստեղծված Հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, մասնատվեց ու բզկտվեց մեկուկես ամսվա ընթացքում ընդամենը: Բացի 7 շրջաններից, Արցախը կորցրեց Հադրութն ու Շուշին, Արցախի անվտանգությունը ոչ թե հայերը, այլ ռուս խաղաղապահները սկսեցին ապահովել, ավելին՝ Հայաստանը վերջերս հայտարարեց, թե Արցախի անվտանգության առումով վաղուց է ձեռքերը լվացել ու մի կողմ քաշվել:
Տխրահռչակ հայտարարությունից երկու տարի անց ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախի Հանրապետությունից մնացած փոքրիկ՝ մի բռաչափ հատվածը կարողանում են Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարության կարգավիճակով անգամ պատկերացնել:
Հայտարարության կետերից մեկն էլ ռազմագերիների պարտադիր ու անհապաղ վերադարձին էր վերաբերում, բայց մինչ օրս Բաքվում 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված հայորդիներ են պահվում: Աղետաբեր պատերազմի ավարտից երկու տարի անց հարցերի հարցը շարունակում է հետևյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ… Բաց է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության օդը: Հարցը թերևս անօդաչու թռչող սարքերի՝ սղոցող ու ամեն պահի պայթելու պատրաստ ձայնի նման օդում կախված է մնում առ այսօր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա