2020թ. պարտությունը հետևանք է ուժերի ոչ ճիշտ գնահատման. Սեյրան Օհանյան
«Կառավարման համակարգում մեծ նշանակություն ունի իրավիճակային գնահատման արդյունքում որոշումների ընդունումը, գնահատումն այն համակարգում, որտեղ որոշումներ են ընդունվում»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Արցախյան շարժման առաջին փուլում հաջողություններն ապահովվել են իրական և ճշգրիտ գնահատումներ տալու արդյունքում։
«Եթե չլինեին ճիշտ որոշումները, ապա 30 տարիների ընթացքում չէիք ունենա արժեքները՝ Արցախը, նրա ինտեգրումը Հայաստանի հետ, պետական ձեռքբերումները»,-ասաց Օհամյանը
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ գործող իշխանությունների կառավարման ժամանակահատվածում լուրջ ուշադրություն չի դարձվել իրավիճակի գնահատմանը, 2018 թվականից հետո խարխլվել է ողջ գործընթացը և երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ՝ այն չտեղափոխելով ռազմական ռելսերի վրա:
«2020թ. պարտությունը հետևանք է ուժերի ոչ ճիշտ գնահատման։ Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել այդ ամենից խուսափելու համար»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ պետք է լիներ Գլխավոր շտաբ, որտեղ պետք է կայացնեին ծանրակշիռ որոշումներ՝ բանակին թիկունք կանգնելու վերախմբավորումներ կատարելու և հակառակորդին ինչ-որ տեղ կանգնեցնելու համար, սակայն որոշումները կայացվել են ոտքի վրա:
Պատգամավորի խոսքով՝ այդ ամենը դաս չի եղել իշխանությունների համար, որ 44 օրյա պատերազմից հետո պետք է անցկացվեր անվտանգության համակարգի գնահատում, և դրա արդյունքում որոշումների ընդունում, ինչը չի արվել
«Ազգային ժողովում աշխատանքի ժամանակ էլ չտեսանք այդ ամենը։ Բոլոր նախաձեռնությունները որոնք եղել են մեր կողմից, հատկապես նրանք՝ որոնք վերաբերում էին Արցախին, նրանք չունեցան քաջություն, որ քննարկեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Այսօր այդ ամբողջ ընթացքի վերլուծությունից հետո հանգում ենք նրան, որ թեպետ պետական ռազմական կառավարման համակարգում չգիտակցությունը բերեց մեզ պարտության, բայց ռազմական գործողությունների տարբեր հատվածներում մեր զինվորներն ու հրամանատարները կատարել են ամեն ինչ, իրավիճակը փրկելու համար»։