Հայաստանի իշխանությունները դարձել են ադրբեջանական հանրապետության փաստաբանները.Վարդան Պողոսյան
«Երբ այսօրվա իշխանություններն իջեցնում են նշաձողը և ելնում են նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ընդգրկում են նաև ինքնիշխանությունն Արցախի տարածքի նկատմամբ, ապա այն նշանակում է, որ նրանք ուղղակիորեն առհամարում են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը»,-«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ նման միտում միանշանակ հետևում է այս տարվա սեպտեմբերի 27-ի վաշինգտոնյան փաստաթղթից և նրանից, որ ՀՀ այսօրվա ղեկավարը հայտնում է, որ մենք հնարավորություն չունենք Արցախի ինքնորոշման իրավունքը մեր ռեսուրսներով պահպանել:
«Այն պահանջները, որոնք իրավական են, քաղաքական որևէ հայեցողության տեղ չեն թողնում»,-ասաց սահմանադրագետը:
Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հռչակագրի ակտով, որն անանց, անբեկանելի իրավական փաստաթուղթ է, որի ճակատագիրը տնօրինելու իրավունք իրավաբանորեն չունի որևէ մեկը՝ Վարդան Պողոսյանը բացատրեց, որ այդ փաստաթուղթը տալիս է պահանջներ, որոնք պարտադիր են ՀՀ հանրային իշխանությունների համար:
«Անկախության հռչակագիրը, լինելով պետության հիմնադիր փաստաթուղթ, հիմք է հանդիսանում նաև ՀՀ-ի մյուս կարևորագույն ակտի՝ Սահմանադրության համար, որը հիմնված է Անկախության հռչակագրի վրա և պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը սկսվում է Անկախության հռչակագիրը վկայակոչելով: Եթե այդ հիմքը չկա, ապա չկա նաև հայկական անկախ պետականությունը»,-հայտարարեց սահմանադրագետը:
Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը համազգային տեսանկյունից առնվազն երկու բան էր նշանակում՝ Արցախ և Հայոց ցեղասպանություն:
«Անկախության հռչակագիրը հիմնված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂՀ Ազգային խորհրդի՝ ՀՀ-ի և Արցախի վերամիավորման մասին համատեղ որոշման վրա, իսկ այդ տեքստում գրվում է, որ ՀԽՍՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ի ինքնորշման փաստը»,-ասաց Վարդան Պողոսյանը և նկատեց, որ Արցախի ինքնորոշման դեմ ուղղված որևէ գործողություն հանդիսանում է ինչպես բուն Անկախության հռչակագրի, այնպես էլ ՀՀ Սահմանադրության խախտում:
Նա կարևոր համարեց անդրադարձն նաև այն հարցին, թե կա՞ արդյոք հակասություն, երբ մի կողմից Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը ճանաչում են Արցախի ինքնորոշման իրավունքը և ինքնորոշման փաստը, բայց մյուս կողմից մինչև հիմա ՀՀ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Հայտարարելով, որ հակասություն չկա՝ բանախոսը բացատրեց, որ Արցախն ուղղակիորեն ճանաչելը որպես Հայաստան՝ սահմանադրական պահանջ չէ, բայց պահանջ է, որպեսզի ցանկացած բանակցություններում և դրա արդյունքում կնքվելիք փաստաթղթում Արցախի ինքնորոշման փաստը չդրվի հարցականի տակ։
«Ցավոք, այսօրվա բանակցային գործընթացը գնում է այն ուղղությամբ, և ՀՀ իշխանությունները դա չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք ձեռքերը լվանում են և այդ հարցին չեն ցանկանում ընդհանրապես անդրադառնալ՝ հարցն, ըստ էության, թողնելով Ադրբեջանի հայեցողությանը։ Դա նշանակում է, որ իշխանությունները հետ են կանգնում Սահմանադրության և Հռչակագրի պահանջներից»,-շեշտեց Վարդան Պողոսյանը։
Ըստ սահմանադրագետի՝ եթե խաղաղության պայմանագրում կատարեն որևէ նահանջ Արցախի ինքնորոշման իրավունքից, կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը վտանգող որևէ դրույթ ներառեն, ապա այն կհանդիսանա Սահմանադրության խախտում, որն առաջին հերթին պետք է ՍԴ-ում անցնի համապատասխանության քննարկում, որից հետո նոր ԱԺ-ն վավերացնի պայմանագիրը:
Վարդան Պողոսյանը հայտնեց, որ եթե նման դրույթներ լինեն, ապա այն կլինի Սահմանադրության խախտում և ՀՀ խորհրդարանը իրավունք չի ունենա այն քննարկել:
Նա հայտնեց, որ երբ 1992 թվականին ՀՀ ԳԽ-ն վավերացրել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, այն արել է վերապահումով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ չի ճանաչել ԼՂՀ-ն:
«Ադրբեջանն ավելի լավ է հասկանում թե ինչ է արձանագրված ՀՀ Սահմանադրության մեջ, քան ՀՀ այսօրվա իշխանությունները»,-հայտնեց սահմանագրարգետը՝ փաստելով, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվելուց հետո Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս տարբեր հարթակներում բարձրաձայնել են, որ դրանում տարածքային պահանջներ կան իրենց նկատմամբ:
Խոսքն ավարտելով Վարդան Պողասյանն ասաց. «ՀՀ Սահմանադրությունը պարտավորեցնում է ՀՀ իշխանություններին առաջնորդվել Արցախի Ինքնորոշման իրավունքով և փաստով, դրանից որևէ շեղում նշանակում է, որ ՀՀ իշխանությունն առհամարում է այս պետականության հիմքը՝ Անկախության Հռչակագիրը և իրավական հիմքը՝ ՀՀ Սահմանադրությունը»:
Սահմանադրագետն անդրադարձավ նաև 1991 թվականին տարածքային ամբողջականությունն ճանաչելու մասիյ Ալմա-Աթայի հռչակագրի այսօրվա մեկնաբանություններին:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա պարզ լեզվով այն նշանակում է, որ այդ պետություններն իրենց վրա պարտականություն են վրեցնում որևէ բռնի ուժ չկիրառել հակառակորդ պետության տարածքը գրավելու համար, բայց հարցը, թե Ադրբեջանի տարածքի մեջ Արցախը մտնում է, թե ոչ, տարածքային ամբողջականության սկզբունքը, միմյանց տարծաքային ամբողջականության ճանաչումն ինքնին այդ հարցին պատասխան չեն տալիս»,-բացատրեց Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այն աբստրակտ միջազգային իրավունքի մեկնաբանություն է, և եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց լռում են այն մասին, թե որն է միմյանց տարածքային ամբողջականությունն, այդ ժամանակ բերվում են օժանդակ փաստարկները, թե ինչ են իրենք ենթադրել միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելով:
«Ցավոք սրտի, այս պարագայում Հայաստանի իշխանությունները դարձել են ադրբեջանական հանրապետության փաստաբանները և ասում են՝ երբ 1991 թվականին ճանաչում էինք ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքը, այն ժամանակ ճանաչել ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմել: Սա է ամբողջ ողբերգությունը՝ երբ երկրի իշխանությունները, ըստ էության, անցնում են թշնամու կողմը, մոռանում են այն վերապահումները, որոնք վավերացման ժամանակ Հայաստանի խորհրդարանը կատարել է և 100%-ով ընդունում են ադրբեջանական թեզերը»,-հայտարարեց սահմանադրագետը: