Արծրուն Պեպանյան. Նոյեմբերի 9-ի պատվիրատուները
Հրապարակախոս, հասարակական գործիչ Արծրուն Պեպանյանը գրում է.
«Նոյեմբերի 9-ի պատվիրատուները
2018 թ ապրիլի 23–ի երեկոյան գործով հարկադրված էի անցնել Ամիրյան–Հրապարակ– Վերնիսաժ ուղիով: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, ու երջանկությունից թռչկոտող բազմությունը խցանել էր ճանապարհս: Մանղալների վրա խորոված, քյաբաբ, բեռնատարների թափքերից շամպայն ցողող աղջիկներ, ականջ խլացնող աղմուկ, ճիչեր...
Մի կերպ հասա Վերնիսաժ ու երբ հեռացա այնքան, որ աղմուկը թուլացավ և կարելի էր խոսք լսել, բազմությանը մատնացուցելով՝ ուղեկցիս ասացի.
– Այս բոլոր մարդիկ խոր հուսահատություն են ապրելու, հուսալքություն է համակելու նրանց: Ո՞վ է նրանց բոլորին սփոփելու, մխիթարելու:
Հիմա հետին թվով հավելեմ՝ այդ մարդիկ են պատվիրել նոյեմբերի 9–ը: Պատվիրել են անգիտորեն:
Ու այս խոսքերը մեղադրանք չեն նրանց հասցեին, ամոթանք չեն, պարսավանք չեն՝ ընդամենը փաստի արձանագրում են՝ կյանքից դաս առնելու համար:
Այո, չեմ մեղադրում, քանի որ այդքան է եղել իրենց քաղաքական խելքը: Բայց նաև չեմ ընդունում ոչ մի արդարացում, թե իբր մենք սա չէինք ուզում, մենք ուրիշ բան էինք ուզում: Այդ ինչու ես այդ նույն օրը, նույն ժամին խոր , անչափ շատ խոր տագնապի մեջ էի Հայրենիքիս ապագայի հարցով, իսկ դուք ճախրում էիք երկնքում...
Միայն չասեք, թե ձեզ զգուշացնող չի եղել: Եղել է, նույնիսկ այդ օրը, այդ նույն հրապարակում է եղել: Ահավասիկ՝ ինձ անծանոթ մի կնոջ նամակը՝
– Պարոն Պեպանյան, Ձեզ տեսա 2018–ի ապրիլի 23–ին, Հանրապետության հրապարակում, Դուք անցնում էիք մռայլված դեմքով, ու ես զարմանում էի, թե ինչու Դուք մեզ հետ չեք կիսում մեր ուրախությունը: Ես հետո հասկացա, որ Դուք գիտեիք, թե ինչ է աղետ է գալու մեր գլխին ու Դուք Ձեր դեմքի արտահայտությամբ զգուշացնում էիք մեզ, բայց մենք, ցավոք, ունակ չեղանք ընկալել զգուշացումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան