Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության ընդունման 2 տարին։ Այս քայլը վերջ դրեց արյունահեղությանը և սկիզբ դրեց տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացին։ Այս մասին հինգշաբթի ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:
«Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար։ Խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ սերտ համակարգում է իրականացվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։
Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում այս երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ձևավորման ուղղությամբ՝ հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսություն զարգացնելու առումով։
Ռուսաստանը կշարունակի ողջ անհրաժեշտ օգնությունը տրամադրել Երևանին և Բաքվին ՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա