Մենք ամեն օր պատերազմի մեջ ենք. Արման Թաթոյան
«Միջազգային առաքելությունները համարում եմ կարևոր։ Բայց այս դեպքում ես մի վերապահում ունեմ. չգիտեմ՝ ԵՄ դիտորդներն ի՞նչ առաքելությունով են եկել, չգիտեմ՝ մանդատի կոնկրետության աստիճանը»,- ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանին, արդյո՞ք մարդկանց անվտանգության տեսակետից արդյունք կտա։
Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ լիազորություններ ունեն. «Ուսումնասիրելո՞ւ են, թե մեր քաղաքացիները որքան տներից են զրկվել, Սոթք գյուղում կազմակերպություններից մեկը միլիոնավոր դոլարների ներդրում է արել Հայաստանի կառավարության որոշմամբ նախատեսված տարածքում, հիմա այդտեղ ադրբեջանական զորամաս է։ Այդ մարդու ֆինանսների հատուցում լինելո՞ւ է, թե՞ ոչ։
Քարահունջում ունենք տներ, որոնք Խորհրդային միությունից են պատկանում Հայաստանի քաղաքացիներին։ Արդյո՞ք նրանք ուսումնասիրելու են այս ամենը»։
Ա. Թաթոյանը տեղեկացրեց, որ իրենք իրենց իրականացած փաստահավաք աշխատանքի արդյունքները կուղարկեն ԵՄ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություններին, կխնդրեն հաշվի առնել, քանի որ եթե այս փաստերը, հարցերը հաշվի չեն առնվելու, այդ առաքելության իմաստը չի տեսնում։
«Ադրբեջանական կողմի խախտումների ծանրակշռությամբ ենք մենք ցույց տալիս նրանց ներկայություն անթույլատրելիությունը ոչ միայն Հայաստան ներխուժած հատվածներում, նաև այն հատվածներում, որոնք մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ են»,- ասաց նա։
Ա. Թաթոյանի խոսքով, ադրբեջանական կողմի խախտումները շարունակական են և այս պայմաններում, եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա այն չի գործելու։
«Լինելու է երկու մասից կազմված՝ մի հատ թղթի վրա, մի հատ էլ դրանից հետո ինչ-որ տեղի կունենա։
Անընդհատ խոսում են խաղաղության մասին, Ադրբեջանն էլ կեղծ շղարշ է օգտագործում այդ ամեն ինչը, ասում է՝ պետք է խաղաղություն, միջազգային հանրությանն էլ մոլորեցնում է»,- ասաց Արման Թաթոյանը։
Բացի այդ, ըստ նրա, ինչ իրական խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանը դեռ գերության մեջ է պահում հայ զինվորներին։
«Իմ համոզմամբ, մենք ամե օր գտնվում ենք պատերազմի մեջ, հիմա էլ ենք պատերազմի մեջ։ Ամեն օր կրակոցներ են արձակում։ Մի քանի օր առաջ Ջերմուկից ահազանգ ստացանք, որ էլի կրակոցներ են եղել, մարդիկ լսել են։ Սյունիքում էլ է այդպես։
Ադրբեջանցիները հայերից գողանում են կեդանիներ, մեքենաներ, կրակում մարդկանց ուղղությամբ։ Բա սա պատերազմ չէ՞։ Մենք ամեն օր գտնվում ենք պատերազմի մեջ։ Այլ բան, որ մի պահ ակտիվ է, հարձակումներ են լինում, կիրառում են խոշոր տրամաչափի զինատեսակներ, ԱԹՍ-ներ և այլն, բայց հիմա էլ ենք պատերազմի մեջ»,- ասաց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նկարել Թաթոյանը Շուռնուխի դպրոցի պատուհանից
- Թաթոյան. Ադրբեջանցիները սեպտեմբերի 13-14-ից հետո հափշտակել են մեր քաղաքացիներին պատկանող 7 մեքենա, մինչև 6000 հատ ոչխար
- Թաթոյան. Միայն Կապանում 2700 հա օկուպացված տարածք ունենք
- Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ նաև օկուպացված տարածքներից. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան