Հարութ Մաքյանի «Հաջորդ կայարանը` դրախտ» ֆիլմն ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում
Ռեժիսոր Հարութ Մաքյանի «Հաջորդ կայարանը` դրախտ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Zubroffka Short Film Festival-ի մրցութային ծրագրում։ Մրցույթը տեղի կունենա լեհական Բելոստոկ քաղաքում՝ դեկտեմբերի 7-11-ը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Այս պատմությունը գավառական փոքրիկ քաղաքում ապրող 25-ամյա շնորհալի բանաստեղծ Ադամի մասին է, որը ստիպված է այս գորշ միջավայրում կրել «տեղային մակարդակի հեղինակության» դիմակը, որպեսզի ազատի իր մտերիմ ընկերներին հնարավոր հանցավոր ճնշումներից։ Ի վերջո, նա որոշում է դուրս պրծնել այս «փոսից», սակայն ոչ բոլոր պատմություններն են ունենում «երջանիկ ավարտ»:
Ռեժիսոր և սցենարիստ՝ Հարութ Մաքյան, օպերատոր` Վահե Սաֆարյան, դերասաններ` Լևոն Հախվերդյան, Ներսես Ավետիսյան, Հռիփսիմե Նահապետյան, պրոդյուսերներ` Վահե Քեշիշյան, Հարութ Մաքյան, արտադրող ընկերություններ` HK Productions, À partir de 18/6։