«Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը նշանակվել է «Հայփոստի» տնօրենի խորհրդական
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ 10 օր առաջ տեղեկացել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ԺՊ Արայիկ Աբրահամյանի՝ լոգիստիկ գծով խորհրդական։ Նա նախկինում «Կոկա-կոլա» ընկերությունում առաքիչ է աշխատել, մեզ ասացին, որ նշանակվելու պահին արդեն երկար ամիսներ գործազուրկ է եղել:
Ընդ որում, նշանակվելիս պարզվել է, որ ինչ-որ փաստեր կեղծվել են, բայց, այնուամենայնիվ, նշանակումը եղել է, և Մուրադյանը բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոնի է նշանակվել` իր կենսագրությանն ու կրթական ցենզին չհամապատասխանող:
Դիմել էինք «Հայփոստ»` մեկնաբանություն ստանալու: Հարցրել էինք՝ նման անուն-ազգանունով անձ ընդունվե՞լ է աշխատանքի և ի՞նչ պաշտոն է զբաղեցնում: Բայց «Հայփոստից» զլացան անգամ «այո-ոչ» ասել, պահանջեցին գրավոր հարցում, պատասխանն էլ ուղարկեցին նամակով:
Մի խոսքով, երկար ոդիսականից հետո ստացանք «բաղձալի» պատասխանը. «Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ հարցվող տվյալները հանդիսանում են աշխատակցի անձնական տվյալներ և չեն կարող տրամադրվել առանց աշխատակցի համաձայնության` «Անձնական տվյալների մասին» օրենքի... համաձայն: «Հայփոստ» ՓԲԸ-ն ապահովում է իր աշխատակիցներին վերաբերող գաղտնիությունը և երրորդ անձանց չի փոխանցում աշխատակիցներին առնչվող և պահպանման ենթակա տեղեկատվություն»:
Նախ՝ մեր հարցը որևէ անձնական տվյալ չէր պարունակում, մենք «Փոստի» աշխատակցի տան հասցեն չէինք հարցրել, և երկրորդ` պետական բարձր պաշտոնյայի միջնորդությունը և իր ազգականին աշխատանքի տեղավորելը չեն կարող գաղտնի տեղեկություն համարվել: Նույնն է, որ քննչական մարմինը հանցագործի թույլտվությամբ միայն քրեական գործ հարուցի»։
Մանրամասները թերթի ասյօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա