48-ամյա տղամարդը հարևանի տանից ձեռքի ժամացույցներ և 1400 դոլար է գողացել
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ իր տնից գողություն են արել: Զվարթնոց թաղամասի առանձնատանն ավելի քան երկու շաբաթ մարդ չէր եղել, և վերադառնալով` տանտերը նկատել էր, որ հրել-բացել են եվրոպատուհանն ու գողացել ձեռքի ժամացույցներ և 1400 դոլար:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ, և արդեն ժամը 13-ին, ահազանգից երկու ժամ էլ չանցած, հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել տուժածի 48-ամյա հարևանին:
Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: