Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն. Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերի պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն»,-արձագանքելով նոյեմբերի 8-ին Շուշիում Իլհամ Ալիևի ունեցած ելույթին՝ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Թվարկելով նման դեպքերը՝ Նիկոլ Փաշինյանը փաստեց. «2020 թ. դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինի կերպով օկուպացրել է Արցախի Հանրապետության Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները, ի հեճուկս 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ ԼՂՀ-ի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում: Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թ մարտին՝ ներխուժելով Արցախում ՌԴ-ի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ այն անվանում է «Փառուխ օպերացիա»:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը՝ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»:
«Այս պնդումն ինքնին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախպտում է, քանի որ նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև Արցախի հայության ներկայացուցիչների հետ միաջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություններ է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում, բայց զուգահեռաբար Ադրբեջանի կողմից փորձ է արվու կառուցողական երևալ և հայտարարում է, թե Արցախի Հանրապետության հայրեը իրենց քաղաքացիներն են և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է:
«Թե այս պնդումն որքանով է իրականությանը համապատասխանում կարելի է գործնականում ստուգելով նրանով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և Արցախի հանրապետության այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների՝անվտանգ վերադարձի համար»,-հայտարարեց կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է և նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
«Այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Այս մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք, իրենց հերթին, կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունած հայտարարություններից առնվազն երեքը»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան