Նիկոլ Փաշինյանը Արևմուտք–Ռուսաստան հակամարտության ֆոնին առևտրի է հանել Հայաստանի Հանրապետությունը․ Խամոյան
Նիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
«Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որի հռետորաբանությունը վերջին տարիներին չի փոխվել, ավելին՝ 2020 թվականի պատերազմից հետո սաստկացել է, Հայաստանի վարչապետի հռետորաբանությունն է փոխվել։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից տպավորություն եմ ստացել, որ Փաշինյանը ընդդիմության վերջին երկու տարվա ընթացքում ընդդիմության հանրահավաքներից խոսքեր էր մեջբերում, սպասում էի, որ խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը կպահանջի օրվա իշխանությունների հեռացումը, ինչն, իհարկե, տեղի չունեցավ։
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է այն՝ ինչի մասին ընդդիմությունը բարձրաձայնում է վերջին երկու տարվա ընթացքում՝ նոյեմբերի 9–ից սկսած, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։ Իսկ խաղաղության դարաշրջան բացելու մասին հեքիաթներ հայ ժողովրդի վզին փաթաթում էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Որեւէ ընդդիմադիր գործիչ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու հնարավորության մասին չի խոսել չէ՞, այն Ադրբեջանի հետ, որի սպան կացնահարել է քնած հայ սպային, որի զինծառայողը կտրում է ծերերի ականջները, բռնաբարում ու պղծում է հայ կին զինծառայողի մարմինը, հետո էլ թույլ չի տալիս այդ խոշտանգված մարմինները դուրս բերել իր վերահսկողության տակ անցած տարածքներից։ Այ այս Ադրբեջանի հետ երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը համառորեն փորձում է խաղաղության դարաշրջան բացել, եւ սա այն պարագայում, երբ Ալիեւը ամեն օր հայտարարում է Հայաստանի այս կամ այն տարածքը գրավելու մտադրության մասին։ Ինձ մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը»,– ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Ագնեսսա Խամոյանը, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հիշեցրեց՝ ըննդիմությունն աղաղակում էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել։
Անգեսսա Խամոյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իրեն առաջիկայում սպասվող իրադարձություններից ու հերոսացնել իրեն։
«Խաղաղության օրակարգը չստացվեց, հիմա ազգայնականի կերպարի մեջ է մտել Նիկոլ Փաշինյանը։ Նրա գործողությունները միտված են մի բանի՝ պահել իշխանությունը եւ փորձել հասարակության քիչ զանգվածի մոտ մնացած վստահությունը, մոլորությունը պահել»,- նշել է Խամոյանը։
Իշխանությունը պահելու համար, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը Արևմուտք–Ռուսաստան հակամարտության ֆոնին առևտրի է հանել Հայաստանի Հանրապետությունը և նոր արկածախնդրության է տանում մեր երկիրը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա