Թաթոյան. Միայն Կապանում 2700 հա օկուպացված տարածք ունենք
Ադրբեջանական զնված ուժերի ապօրինի տեղակայումների հետևանքով Կապանի Ներքին Հանդ և Սրաշեն գյուղերն ամբողջությամբ, բնակիչների տները, արոտավայարարը, վարելահողերը, ճանապարհը թիրախի տակ են։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանն ահազանգեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստահավաք աշխատանքների արդյունքները կապված 2022թ. սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածք ադրբեջանական զինված ներխուժման և շարունակվող խախտումների հետ։
Նրա խոսքով, սեպտեմբերի 13-ի ու 14-ի ագրեսիայի հետևանքով ադրբեջանական ուժերը նոր դիրքեր են ձեռք բերել ու ամրացել Ներքին Հանդի տարածքում։
«Դրանցից երկուսը գտնվում են Ներքին Հանդի դպրոցի անմիջապես վերևում։ Մենք երբ դպրոցի մոտ էինք, ադրբեջանցի զինծառայողների ձայները լսում էինք։ Դպրոցի դիմաց լրացուցիչ դիրք են դրել ու ամբողջությամբ վերահսկում են տարածքը։ Ադրբեջանցիների մյուս դիրքը գտնվում է Ներքին Հանդի գերեզմանոցի վերևը։ Մեր քաղաքացիները զրկված են իրենց հարազատների շիրիմներին մոտենալուց, այցելելուց։ Ավելին, Ներքին Հանդում ջուրը կտրվել էր ադրբեջանցիների արարքների պատճառով, քանի որ խմելու ջրի ակունքերը գտնվում են նրանց վերահսկողության ներքո»,-ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով, հիմա ինչ-որ միջոցներ են ձեռնարկվել ջրի վերականգնման ուղղությամբ, չնայած այն որակով զիջում է նախկինին։
«Գյուղում ընտանիքներ, քաղաքացիական կյանք չկա։ Սեպտեմբերի 13-14-ի հարձակումից հետո կանայք ու երեխաները դուրս են եկել գյուղից։ Անասնապահական աշխատանքները 100 տոկոսով կրճատվել են։ Մենք Ներքին Հանդում էինք, երբ ասացին՝ գյուղացիներին պատկանող երեք կով ականի պայթյունի հետևանքով սատկել է։ Ես ուզում եմ ընդգծել, այս ամենը Հայաստանի ինքնիշխան տարածքում է կատարվում»,-ասաց նա։
Թաթոյանն ընդգծեց, ադրբեջանցիները ոչ միայն պետք է լքեն Հայաստանի օկուպացրած տարածքները, այլև վիճելի տարածքները։ Նրանց ներկայության, գործողությունների հետևանքով մարդիկ անասելի վնասներ են կրում։
«Այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակումների ու ներխուժումների արդյունքում միայն Կապան համայնքում 2700 հա օկուպացված տարածք ունենք, որից 170 հա-ն անտառային հողեր են, 130 հա-ն՝ համայնքային հողեր, 2400 հա-ն՝ հատուկ պահպանվող տարածքներ»,-ասաց Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ նաև օկուպացված տարածքներից. Արման Թաթոյան
- Թաթոյան. Կատարել ենք Կապան, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհների ուսումնասիրություն