Եգիպտոսում Կլեոպատրայի գերեզման տանող հետքեր են հայտնաբերվել
Սանտո Դոմինգոյի համալսարանի հնագետ Քեթլին Մարտինեսը մոտ 20 տարի փնտրում է Կլեոպատրայի կորած գերեզմանը։ Այժմ նա հավատում է, որ կարևոր առաջընթացի են հասել։
CNN-ի հաղորդմամբ, Մարտինեսը և նրա թիմը հայտնաբերել են 1305 մետր երկարությամբ թունել, որը գտնվում է 13 մետր գետնի տակ: Այս մասին օրերս հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։ Ճարտարապետական դիզայնի մասնագետներն այն անվանել են «ինժեներական հրաշք»։
«Պեղումների ընթացքում հայտնաբերվեց հսկայական կրոնական կենտրոն՝ երեք սրբավայրերով, սուրբ լճով, ավելի քան 1500 առարկաներով, կիսանդրիներով, արձաններով, ոսկե մետաղադրամներով, Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրա թագուհու և Պտղոմեոսի պատկերներով մետաղադրամների հսկայական հավաքածուով», - CNN-ին ասել է Մարտինեսը:
Նրա ներկայացմամբ, ամենահետաքրքիր հայտնագործությունը Միջերկրական ծով տանող թունելների համալիրն է և խորտակված կառույցները: Ստորջրյա այս կառույցների ուսումնասիրությունը կլինի նրա՝ եգիպտական թագուհու կորած գերեզմանի որոնման ճանապարհին հաջորդ քայլը, ճանապարհորդություն, որը սկսվել է 2005 թվականին:
«Ես հիանում եմ Կլեոպատրայով որպես պատմական կերպար։ Նա դարձել է հռոմեացիների քարոզչության զոհը, որոնք ձգտում էին խեղաթյուրել նրա կերպարը։
Նա կրթված կին էր, հավանաբար առաջինը, ով պաշտոնապես սովորեց Ալեքսանդրիայի թանգարանում՝ իր ժամանակների մշակույթի կենտրոնում», - ասել է Մարտինեսը։
Զբոսաշրջության և հնությունների նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Եգիպտոսի ափերը դարեր շարունակ տուժել են երկրաշարժերից, ինչի հետևանքով Տապոսիրիս Մագնայի որոշ հատվածներ փլուզվել և խորտակվել են ալիքների տակ:
Ահա թե որտեղ են Մարտինեսը և նրա թիմը որոնողական աշխատանքներ իրականացնում: Թեև «դեռ վաղ է ասել, թե ուր են տանում այս թունելները», սակայննա հույս ունի, որ եթե թունելները տանեն Կլեոպատրայի գերեզմանին, «դա կլինի դարի ամենակարևոր հայտնագործությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան