Գարեգին Երկրորդը հույս է հայտնել՝ ՌԴ ջանքերը կնպաստեն ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զորքերի դուրս բերմանը
Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։ Նորին Սրբությունն անհրաժեշտ է նկատել պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրել է բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովվմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։
Պարոն Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձել է այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատել է, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան