Համլետավան գյուղի մատուռում պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջնադարյան խեցամանների բեկորներ, մարդկային ոսկորներ
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռում այս տարի կատարված պեղումների արդյունքում բացվել է՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ մի խուց. երկարությունը մոտ երկու մետր է, լայնությունը՝ 1,30։ Այն կազմված է իրար զուգահեռ դրված երկու մեծ քարերից (ձախ մաս) և մի խոշոր ժայռաբեկորից (աջ մաս)։ Մատուռը թվագրվում է 17-18-րդ դդ: Պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լ․ Մկրտչյանը:
«Մատուռի բեմի տակ գտնվող խցում՝ հայտնաբերվել են մարդկային ոսկորների և միջնադարի տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ խեցամանների բեկորներ։ Հավանաբար ոսկորների բեկորները մասունքներ են (սրբերի կամ նահատակների), որոնք ամփոփվել են մատուռում, իսկ թե ո՞ւմ են պատկանում, դեռևս անհայտ է»,- ասել է արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը։
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մատուռը ամբողջությամբ ծածկված է եղել կենցաղային և շինարարական աղբով, որը հեռացնելուց հետո բացվել է քիչ թե շատ անխաթար մնացած մշակութային շերտ՝ առատ խեցեղենով։ Խեցեղենի մեջ աչքի են ընկնում օրինակներ, որոնք վերաբերում են միջնադարի ավելի վաղ փուլերին, քան թվագրվում է մատուռը։ Այն կառուցված է ժայռոտ բլրի գագաթին, հիմքերը նույնպես խոշորածավալ ժայռաբեկորներ են։ Մատուռի անունը դեռևս անհայտ է, մինչև 2021թ․ մատուռի տարածքը եղել է մասնավոր սեփականություն, որտեղ մուտք գործել, նկարելն անգամ խնդիր է եղել: Համլետավան գյուղի մատուռում իրականացված պեղումներին, բարերարի նախաձեռնությամբ, պետք է հաջորդեն ամրակայման և վերականգնման աշխատանքներ։