Խաղաղության պայմանագիրը որևէ բան չի տալու, ընդհակառակը՝ հեշտացնելու է նոր հարձակումը ՀՀ վրա. Վարուժան Գեղամյան
Հայաստանում և Թուրքիայում գիտական պատշաճ կերպով արված սոցիոլոգիական հետազոտությանների համաձայն՝ Հայաստանում և Թուրքիայում չկա հասարակության մեծ զանգված, մեծամասնություն, որը կողմ է Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, Հայաստանում՝ Թուրքիայի հետ։ ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակներից թուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։
Նա նշեց, որ Հայաստանում վերջին՝ մի քանի ամիս անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը դեմ է Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերությունների հաստատմանը, ավելին՝ Թուրքիան, Ադրբեջանը համարում է քաղաքական, տնտեսական, անվտանգային սպառնալիք, հետևաբար խոսել այն մասին, որ հասարակությունում կան դրական միտումներ, իրականության լիարժեք խեղաթյուրում է և որևէ կերպ չի համապատասխանում հասարակական այն տրամադրություններին, որոնք առկա են ՀՀ-ում։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարող է խաղաղության պայմանագիր կնքվի և հնարավոր է 12 ժամ անց այն խախտվի, այդ դեպքում ինչո՞ւ է գնում այն կնքելու, Վ.Գեղամյանը պատասխանեց. «Դա այն գինն է, որ իրենք վճարում են զուտ դե ֆակտո իշխանությանը մնալու համար։ Դրա հիմքում չկա որևէ քաղաքական վերլուծություն, հասարակական աջակցություն, կա միայն պարտադրանք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որին հակառակվելու կամք չկա»։
Նա նշեց, որ լավ էլ գիտեն, որ այդ խաղաղության պայմանագիրը որևէ բան չի տալու, ընդհակառակը՝ հեշտացնելու է նոր հարձակումը ՀՀ վրա։
Վարուժան Գեղամյանն ասաց, որ Հայաստանը գտնվում է բավականին բարդ աշխարհաքաղաքական իրադրության և միջավայրի պայմաններում և այդ միջավայրի պայմաններում Հայաստանը վերածվել է յուրատեսակ Սիրիայի, որտեղ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են իրենց հարաբերությունները, հետաքրքրությունները բավարարել։
«Այդ կենտրոններից որոշների այսրոպեական շահը մասնակի համընկնում է Հայաստանի շահի հետ։ Հետևաբար, կա աշխատելու տեղ, որպեսզի դիմադրենք թուրքական, ադրբեջանական սպառնալիքին։ Եվ այդ սպառնալիքն այսօր, ցավոք սրտի, ըստ էության հովանավորություն է ստանում առնվազմ 2-3 արևմտյան պետության կողմից»,- ասաց թուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Փաշինյանի վրա կիրթ և կառուցողական տպավորություն է թողել, Էրդողանը՝ դրական
- Փաշինյանի և Էրդողանի խոսույթները լիարժեք համադրելի են. Վարուժան Գեղամյան
- Երեկ Նիկոլ Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու ճանապարհ. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլ նաև ներքին. Ռուբեն Մելքոնյան
- Մեր պետության և հանրության առջև կանգնած մարտահրավերներից շատերը բխում են Թուրքիայից և Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին