1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունից
Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվել է սամբոյի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
«88 կգ քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա առավելության է հասել ֆրանսիացի Ժան Դելոնսայի նկատմամբ (3:1), գրեթե հավասար պայքարում (1:1) հաղթահարել է վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը, ապա 5:4 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:
Ոսկե մեդալի համար Գրիգորյանը մրցել է աշխարհի եռակի չեմպիոն, ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ և պարտություն կրելով՝ բավարարվել է արծաթե մեդալով:
Նշենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:
Ղրղզստան էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մարտական սամբոյի տղամարդկանց 7 քաշային կատեգորիաներում խաղարկվել է մեդալների 21 հավաքածու:
Առաջնությանը մասնակցել է ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան՝ համաձայն սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, հանդես են եկել FIAS դրոշի ներքո:
Սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ ներկայացել է նաև փախստականների հավաքականը՝ մեկ մարզիկով: Վենեսուելացի Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը փախստականի կարգավիճակով բնակվում է Ֆրանսիայում, դարձել է աշխարհի չեմպիոն:
Սամբոյի աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ ոսկե մեդալ է նվաճել 6 հավաքական»,- ասվում է հաղորդագրությունում: