ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները կրակել են Արցախում դաշտում աշխատող քաղաքացիական անձի ուղղությամբ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցրել։ Համաձայն ՌԴ ՊՆ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի համաձայն, նոյեմբերի 12-ին ժամը 15.30-ի սահմաններում ադրբեջանական դիրքիցհրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձի ուղղությամբ:
«Կրակոցների հետևանքով տեղի բնակիչներից մեկը թեթև վիրավորվել է, տեխնիկան ստացել է աննշան վնաս։
Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»,- նշված է տեղեկագրում։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել էին, որ նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. «Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։
Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սադրանքները զուտ կարգապահական կամ ինքնագործունեությունից բխող գործողություններ չեն. Աբրահամյան
- Փաշինյան. Ադրբեջանը ԼՂ հայերին կոչում է իր քաղաքացիներ ու կրակում նրանց վրա
- Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ, տուժել է մեկ քաղաքացի