Այս իշխանությունը տապալել է «Ես եմ» ծրագիրը. Գեղամ Մանուկյան
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն իրականում նորություն չէ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վաղուց գործարկել է և արդյունավետ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ ծրագիրը, որն այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում։ Այն գալիս է փոխարինելու 2017 թվականին ներդրված «Ես եմ» ծրագրին։
Լրագրողի դիտարկմանը, որ «Ես եմ» ծրագիրը փոխելու իշխանությունների հիմնավորումն այն է, որ այդ ծրագրով ընդամենը 2 ծառայող կա, մի քանի ամսից կզորացրվեն, այսինքն գրավիչ չէ, ուզում են գրավիչ դարձնել, Մանուկյանն ասաց. «Այդ հիմնավորումը խիստ տարօրինակ է։ «Ես եմ» ծրագիրը 2017 թվականին է ներդրվել։ 4 տարի այս կառավարության ժամանակ այն գործել է, ու հիմա գալիս և ասում են՝ գիտեք, այդ ծրագիրը տապալվել է։
Ոչ թե տապալվել է, այլ այս իշխանությունը տապալել է «Ես եմ» ծրագիրը տարբեր պատճառներով՝ չի խրախուսել, չի քարոզել և այլն։
Բացի այդ՝ իրավիճակ է փոխվել։ Երկու տարի Հայաստանի Զինված ուժերը պատերազմական վիճակի մեջ են, պատերազմ չի հայտարարված, բայց անվտանգային պատերազմական վիճակի մեջ են։ Այս առումով արձանագրենք մի բան՝ այո, շատ անհրաժեշտ է նման նախաձեռնություն, երկրորդ՝ այս իշխանությունը տապալել է նախկինում գործարկված և բավականին հաջողված ծրագրերը»։
Գեղամ Մանուկյանի խոսքով, իրականում առաջնագծի վիճակը՝ կահավորում, ընդհանրապես նյութատեխնիկական ապահովություն, կարևոր գործոններից է խրախուսելու մարդուն, որ գնա ծառայության։
«Այսօր, ցավոք, արձանագրենք, որ այս իշխանության վարած քաղաքականության, նաև ռազմավարության բացակայության պատճառով համակարգված զինված ուժերից դարձել են ջոկատներից բաղակացած ինչ որ միավոր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան