Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչ-որ բան փոխվել է Ալիևի վարքագծում
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանտ գրում է.
«Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած նոյեմբերի 8-ի ճառը, այնուամենայնիվ, տարօրինակ է։ Մի կողմից Բաքուն ու Անկարան շտապեցնում են Հայաստանին արագ ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ փաստորեն վիժեցնում այդ հնարավորությունը։ Ինչու՞։
Սա կարևոր հարց է. ինչ-որ բան փոխվել է Ադրբեջանի վարքագծում։ Եվ փոխվել է ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո։ Հավանական սցենարները երկուսն են՝
- Ալիևը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումներ ստանալու հնարավորություն է տեսել,
- Պայմանավորվածություն կամ ճնշում կա ինչ-ինչ պատճառներով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը դեռևս առկախված թողնել։
Հնարավոր երկու այս տարբերակներն էլ քննարկելու առարկա են։ Բայց կարևոր մեկ այլ հանգամանք էլ կա, որ աչք է ծակում։ Այն, որ Փաշինյանն էլ, կարծես Ալիևի հետ սինքրոնիզացված, իր սուր խոսքով ու Ադրբեջանին ուղղված քննադատություններով ավելի ու ավելի անհնար է դարձնում այս փուլում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Սա իրականում բարդ վիճակ է։ Մի կողմից պարզ է, որ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ մի լավ բան չի սուլում Հայաստանին ու Արցախին։ Ավելին, այն կործանարար է հայկական պետությունների համար։
Մյուս կողմից էլ, եթե Ալիևի ցանկությունն իսկապես ավելի մեծ զիջումներ կորզելն է, ուրեմն նրա այդ խաղին մասնակից լինելը կրկնակի վտանգավոր է Հայաստանի համար։ Եվ ուրեմն ի՞նչ անել։
Իհարկե, Հայաստանի համար լավագույն վիճակը նոր բանակցող ասպարեզ բերելն է։ Նման որոշման անհրաժեշտության ու սպասվող դրական արդյունքների մասին շատ եմ խոսել։ Բայց մինչ այս պահն ունենք այն, ինչ ունենք։ Եվ, ցավոք, այս իշխանությունների համար ես չունեմ «ի՞նչ անել» հարցի այլ պատասխան, քան հրաժարական տալն ու այդկերպ եղած բոլոր հակահայկական պայմանավորվածությունները չեղարկելը։ Դե, կամ էլ խորհուրդ տալ չհամագործակցել Ալիևի հետ և առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։
Բայց այս իշխանությունների հետ որևէ հույս կապելն, իհարկե, լուրջ չէ։ Իսկ ահա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա արտաքին ճնշման հույս այնուամենայնիվ կա։ Ընդ որում, այդ ճնշումը կարող է լինել (կամ արդեն կա) թե՛ Ռուսաստանից և թե՛ Արևմուտքից։ Առաջինը պետք է որ փորձի հետաձգել մեր տարածաշրջանի հակամարտությունների հանգուցալուծումը մինչ Ուկրաինայում առջացած խնդիրների լուծումը։ Արևմուտքն էլ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման՝ նախևառաջ Ռուսաստանին և Թուրքիային ուղղված իր նախապայմաններն ունի։
Այնպես որ, ամեն ինչ շատ ավելի է խճճված, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ամեն դեպքում, աչքը պետք է անընդհատ Ալիևի վրա պահել։ Նորից եմ կրկնում՝ ինչ-որ բան փոխվել է նրա վարքագծում»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է ազգային մեր կառույցների վիճակը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նշանակում է՝ ամեն ինչ չէ դեռ կորսված
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը