Մարտակերտում բացվեց «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը
Արցախի Մարտակերտ քաղաքում բացվել է 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Ֆրանսիայի Սարսել քաղաքի և Սարսելի հայկական մշակութային միության ջանքերով։
Միությունից հայտնում են՝ ներկա էին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱԺ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, փոխնախարարներ, ԱՏՁՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Մեկ օր անց՝ նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում՝ ԱՏՁՄ-ի, Արցախի կառավարության, «Համազգային հայ կրթական և մշակութային Արցախ» կենտրոնի, «Արցախին օգնության մարմին» հիմնադրամի և Արցախի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի համագործակցությամբ տեղի է ունեցել Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների մարզային ցուցահանդեսը, որին մասնակցել են Արցախի 24 «Արմաթ» աշխատանոցներ։
Բացմանը ներկա էին Արտակ Բեգլարյանը, Հայկ Չոբանյանը, Արցախի տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ԱՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են արմաթցիների՝ եռաչափ տպիչով և փայտամշակման հաստոցով պատրաստված աշխատանքները, «Աղուես» ու «Կրիայ» ծրագրերով ստեղծված խաղերը և մի շարք ավտոմատացված և խելացի համակարգեր։
Ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունեցել սև գծին հետևող ռոբոտների մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Ասկերանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև Սոսի և Նորշենի միջնակարգ դպրոցների «Արմաթ» աշխատանոցները։
Միությունից հիշեցնում են՝ այս պահին Արցախում գործում են 24 «Արմաթ» ճարտարագիտական և 2 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցներ։
«Արմաթ»-ում 10-18 տարեկան աշակերտները ստանում են անվճար ճարտարագիտական կրթություն և վաղ հասակից ինքնադրսևորվում են ծրագրավորման, եռաչափ մոդելավորման և ռոբոտաշինության ոլորտներում։
«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցներում 14-18 տարեկան պատանիները հնարավորություն են ունենում ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ «Արմաթ» ազգային ծրագիրն այժմ գործում է ավելի քան 630 աշխատանոցներում և կրթում մոտ 17.000 սաների։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին